
Թրամփի դստերը և փեսային փոխադրող ուղղաթիռն օդանավակայան է վերադարձել շարժիչի խափանման պատճառով. CNN

Ուղղաթիռը, որում գտնվում էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ փեսան, շտապ Վաշինգտոնի օդանավակայան է վերադարձել այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ խափանվել է շարժիչներից մեկը: Մարտի 18-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։ Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Իվանկա Թրամփը եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք զբաղեցնում են ԱՄՆ-ի նախագահի խորհրդականների պաշտոններ, ուղղաթիռով Վաշինգտոնից մեկնել էին Նյու Յորք, սակայն վերթիռից հետո երկու շարժիչներից մեկը խափանվել է: Օդաչուն որոշում է ընդունել շտապ վերադառնալ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան: CNN-ի տվյալներով՝ վայրէջքը հաջող է անցել, տուժողներ չեն եղել: Շարժիչի խափանման պատճառները հայտնի չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: