
Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհաստանի Սենատի պատգամավորական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը, Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի գլխավորությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Լեհական պատվիրակությանը ուղեկցում էր Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:
Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո Լեհաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին վկայություններին և նյութերին:
Լեհաստանն այն երկրներից է, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Լեհաստանի խորհրդարանը 2005թ. ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել: