Ռուսաստան. ևս 6 տարի Պուտինի հետ
Ռուսաստանի նախընտրական եզրափակիչ արշավն անցավ Ուկրաինայից 2014-ին բռնակցված Ղրիմում, որի բնակիչներին Վլադիմիր Պուտինն ասաց, որ հենց նրանք են որոշել Ռուսաստանի հետ լինել.
«Ձեր որոշմամբ դուք ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, թե որն է իրական ժողովրդավարությունը»։
Իրական ժողովրդավարության արժեքը Ռուսաստանում կպարզվի արդեն այս կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում: Պուտինին սակայն ոմանք վերաբերվում են որպես կուռքի.
«Մենք նրան հաղթանակ ենք մաղթում: Առողջություն քեզ, Պո՛ւտին»,- բացականչում է Ղրիմի բնակիչ Մարիաննա Շանինան:
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ընդդիմությունը, սակայն, առաջիկա ընտրությունները ծաղր են համարում՝ չէ՞ որ հիմնական ընդդիմությունը լռեցվել է:
«Պուտինի հաղթանակով իշխանություններն արագ կխեղդեն ընդդիմությունը, սահմանադրությունը կփոխեն եւ մենք տոտալիտար պետության կվերածվենք», – ասում է ընդդիմության կողմնակից Ռոման Շինգարկինը:
Պուտինի հիմնական մրցակից ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին արգելել էին ընտրություններում մասնակցել, իր խոսքով, կեղծ գործով դատապարտվածության պատճառով: Նա կոչ է արել բոյկոտել ընտրությունները:
Հարցումները, որոնց արդյունքները վիճարկելի են, վստահեցնում են, որ ընտրողների երկու երրորդից ավելին պատրաստ են ձայնը տալ Վլադիմիր Պուտինին, մինչդեռ երկրորդ տեղում գտնվող թեկնածու Պավել Գրուդինինի արդյունքը 10 տոկոսից պակաս է:
Արեւմտյան վերլուծաբանների խոսքով սակայն, Պուտինի հաղթանակը՝ արդեն չորրորդ անգամ, իրականում կարող է նրան դնել ավելի բարդ դրության մեջ: Չէ՞ որ հաղթանակից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինի մերձավորները սկսելու են միմյանց միջեւ պայքարել իրավահաջորդի տիտղոսը ստանալու համար: