Թիլերսոնն իր պաշտոնազրկման մասին իմացել է թվիթերից

Ռեքս Թիլերսոնի հեռացումը պետքարտուղարի պաշտոնից զարմանալի չէր՝ հաշվի առնելով նախագահի հետ նրա տարաձայնությունները մի շարք լուրջ հիմնախնդիրների շուրջ: Խնդիրը պաշտոնից ազատելու ձևի մեջ է, քանի որ Թիլերսոնը դրա մասին իմացել է նախագահի թվիթերյան գրառումից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Քաղաքական մեկնաբանները նկատել են, որ պետքարտուղար Թիլերսոնը պաշտոնից հեռացվել է այն բանից հետո, երբ ասել է, որ Ռուսաստանը պատասխանատու է Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտեսի թունավորման հարցում:

«Ռուսաստանը պետք է լուրջ գնահատի, թե որքանով են իրենց գործողությունները բխում ռուս ժողովրդի և ընդհանուր աշխարհի շահերից: Նույն ոճով շարունակելը կհանգեցնի ավելի մեծ մեկուսացմանը, որը ոչ մեկի շահերից չի բխում»,- ասել էր Թիլերսոնը:

Նախագահ Թրամփը Թիլերսոնի փոխարեն նշանակել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոյին: Քաղաքական մեկնաբանների կարծիքով վերջինս լավ տեղեկացված է ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին:

«Ուստի հույս ունեմ, որ նա կկարողանա համոզել նախագահին ոչ միայն ընդունելու, որ սա լուրջ խնդիր է, այլ նաև միջոցներ ձեռք առնելու ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելու համար»,- ասում է Քոնթրիմենը:

Պետքարտուղարությունում ձեռնարկված փոփոխությունները տեղի են ունենում մայիսին Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ նախագահ Թրամփի գագաթաժողովից առաջ: Հայտնի է նաև, որ այդ նույն ամսում նախագահ Թրամփը ցանկանում է չեղարկել Իրանի հետ համաձայնագիրը:

«Այս երկու գործընթացները չեն կարող միասին դիտարկվել: Հնարավոր չէ, որ գործող համաձայնագրի չեղարկումը որևէ կերպ բարելավի ԱՄՆ-ի դիրքերը Հյուսիսային Կորեայի հետ հարցում: Ընդհակառակը, կարծում եմ, որ դրանից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող է հարց տալ, թե ինչպես է հնարավոր համաձայնագիր ստորագրել մի նախագահի հետ, ով չեղարկում է բոլոր նախկին համաձայնագրերը»,- ասում է Թոմ Քոնթրիմենը:

Սակայն Քոնթրիմենի կարծիքով առանց երաշխիքի գագաթաժողովին մասնակցելու նախագահ Թրամփի պատրաստակամությունը տալիս է Փհենյանի հետ համաձայնության հասնելու հնարավորոթյուն, ինչն արժանի է գովասանքի: Կարծիքներ կան, որ գագաթաժողովի անցկացումն առանց երաշխիքների արդյունավետ չէ:

Տեսանյութեր

Լրահոս