Բաժիններ՝

Երգչուհի Մայլի Սայրուսին մեղադրել են բանագողության մեջ. Reuters

Ջամայկացի երգիչն ԱՄՆ-ում դատի է տվել ամերիկացի փոփ-աստղ Մայլի Սայրուսին՝ նրան մեղադրելով երգի գողության մեջ: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հայցվորը փոխհատուցում է պահանջում 300 մլն դոլարի չափով։

Մանհեթենի դատարան հայց է ներկայացրել Մայքլ Մեյը, որը դանսհոլ ոճի երաժշտություն է գրում ու կատարում Flourgon կեղծանվան ներքո:

Գանգատի պատճառը դարձել է Սայրուսի՝ We Can՚t Stop վերտառությամբ երգը նրա չորրորդ ստուդիական ալբոմից՝ Bangerz-ից, որը լույս է տեսել 2013 թվականին: Ինչպես պնդում է Մեյը, 25-ամյա երգչուհին իր սինգլում անօրինականորեն առանձին բառեր եւ երաժշտական կառուցվածքն է օգտագործել We Run Things անվանումը կրող իր կոմպոզիցիայից, որը նա ձայնագրել է 1988 թվականին: Մեյի խոսքով՝ ամերիկուհու երգը փաստորեն կիսով չափ բաղկացած է իր գաղափարներից:

Մեյը նաեւ հայտարարել է, որ, բացի 300 մլն դոլարի չափով փոխհատուցումից, խնդրում է դատարանին արգելք դնել We Can՚t Stop սինգլի տարածման, վաճառքի եւ կատարման վրա, նշում է Reuters-ը:

1992 թվականին Նեշվիլում (Թեննեսիի նահանգ) ծնված Մայլի Սայրուսը ճանաչում է ստացել որպես գլխավոր դերակատար դեռահասների համար «Հաննա Մոնտանա» (2006-2011 թթ.) սերիալում:

Հետագայում նա դարձել է փոփ-երգչուհի՝ մինչ այժմ ձայնագրելով եւ թողարկելով վեց ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերին: Սայրուսը նաեւ նկարահանվում է կինոյում: Time ամերիկյան հանդեսը նրան երկու անգամ ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս