
Բունդեսթագում տեղի ունեցավ Անգելա Մերկելի երդմնակալության արարողությունը

Անգելա Մերկելը, որը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի կանցլեր, երդում է տվել Բունդեսթագում: Մինչ այդ ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նրան հաստատել է պաշտոնում գերմանական խորհրդարանում ընտրվելուց հետո։
Մերկելը արտասանել է երդման ավանդական տեքստը, որը ամրագրված է ԳԴՀ-ի Հիմնական օրենքի 56-րդ հոդվածում: Բունդեսթագում Մերկելի թեկնածության շուրջ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 692 պատգամավոր, չորս քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Մերկելի օգտին ձայն է տվել 364 պատգամավոր:
Ընդ որում՝ նրա վերընտրման համար անհրաժեշտ նվազագույնը կազմում էր 355 ձայն: Ներկայիս գումարման Բունդեսթագում ընդգրկված է 709 պատգամավոր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: