«Որևէ ռադիկալ քայլի մենք հակված, տրամադրված չենք, և դա մեր պլաններում չկա»

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայումս կուսակցության ներսում առկա տարաձայնություններին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հետ:

Նա տեղեկացրեց, որ դաշինքի մեծամասնությունը տեսնում է խնդիրներ, բացեր, եւ թերություններ, իսկ հեղինակներն աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ:

«Եթե որեւէ անհատ կամ կուսակցություն ունի որևէ գաղափար, ներկայացնում է ծրագիր՝ ինչպես պետք է այն կյանքի կոչել, ինչ հետևանքներ կունենա հասարակության և պետության վրա, ինչ կշահի դրանից դաշինքը: Հետո միայն դաշինքում քննարկվում ու որոշում է կայացվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դաշինքի մոտեցումը հետեւյալն է. ամեն ինչին այլընտրանք ներկայացնել, ինչպես դա իրենց գործունեությամբ արդեն իսկ ցույց են տվել, նաև ցույց տալ, որ կարող են փոխարինել գործող իշխանություններին:

«Նախնական տրամադրվածությունները հենց եղել են այդպիսին, որ պիտի ներկայացնենք վարչապետի թեկնածու՝ երկրի առաջիկա զարգացման ծրագրով: Այս գաղափարը դեռ պահպանվում է, բայց դեռ մանրամասների քննարկման չենք անցել:

Հիմա քննարկման սեղանին է ճանապարհային քարտեզ կոչվածը, բայց հստակ պետք է հասկանանք. դա «Ելք»-ի ճանապարհային քարտեզը չէ: Նա ունի գրեթե նույն թերությունները, որոնց մասին արդեն խոսվել է, եւ նախկին ընդդիմություններն այդ թերությունները թույլ են տվել»,- նշեց Գեւորգ Գորգիսյանը:

Հարցին, թե խմբակցությունը իրենց ռադիկալ համարո՞ւմ է եւ կդիմի՞ ծայրահեղ քայլերի, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Որեւէ ռադիկալ քայլի մենք հակված, տրամադրված չենք, և դա մեր պլաններում չկա: Նույնիսկ փողոցային գործողությունները պետք է լինեն բացարձակ խաղաղ, ինչն էլ ճանապարհային քարտեզի հեղինակների հիմնական դրույթներից ու մեխերից է: Դա չի կարող լինել ռադիկալ և բռնության տանող ճանապարհ»:

Տեսանյութեր

Լրահոս