«Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումից հետո սկսվելու է մի կարևոր նոր փուլ Արցախի հարցի կարգավորման գործընթացում». Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն բավականին մեծ քայլ է քաղաքական առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ սա կարևոր քայլ է այն առումով, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը կամ այն շրջանակները, որոնք ձևավորում են ԱՄՆ-ի քաղաքականությունը, փորձում են շոշափել Արցախի Հանրապետության ղեկավարության տրամադրությունները:
«Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումից հետո սկսվելու է մի կարևոր նոր փուլ Արցախի հարցի կարգավորման գործընթացում, որտեղ գերտերություններն ուզում են ուղղակիորեն շփվել նաև ամենակարևոր սուբյեկտի՝ Արցախի հետ: Թեև Արցախը գործընթացում չէ՝ որպես լիիրավ կողմ, այնուամենայնիվ, բոլորը հասկանում են, որ առանց Արցախի դիրքորոշման, կամքի, որոշման՝ որևէ հարց հնարավոր չէ լուծել: Առավել ևս, որ ՀՀ ղեկավարությունն էլ բանակցային գործընթացում ակնարկում է այդ մասին, որ նույնիսկ, եթե մենք ինչ-որ մի քայլի համաձայնում ենք, դա դեռ չի նշանակում, որ կարելի է իրագործել, քանի դեռ չենք պայմանավորվել Արցախի հետ»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Վ. Հակոբյանի գնահատմամբ՝ նոր փուլ է սկսվում, որտեղ ուղղակիորեն կարևորվում է Արցախի տեսակետը. «Հասկանալի է, որ բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան փաստաթուղթը երկկողմանի լուրջ զիջումներ նախատեսող փաստաթուղթ է: Շատ ավելի կարևոր է, թե ինչպես են դրան վերաբերվում արցախցիները: Եթե նրանք չուզենան, գրեթե անհնար է այդ հարցում որևէ մեկ սանտիմետր տալ»: