
Մեյը Հոքինգին համարել է այն մեծ գիտնականներից մեկը, որի ժառանգությունը չի մոռացվի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին համարել է այն մեծ գիտնակններից մեկը, որի ժառանգությունը չի մոռացվի: Այս մասին Բրիտանիայի կառավարության ղեկավարը հայտնել է մարտի 14-ին Twitter-ի իր էջում՝ մեկնաբանելով աշխարհահռչակ հետազոտողի վախճանը։
«Պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը հանճարեղ եւ արտասովոր խելքի մարդ էր, իր սերնդի մեծ գիտնականներից մեկը: Նրա արիությունը, հումորը եւ կյանքից առավելագույնը քաղելու ձգտումը ոգեշնչում էին: Նրա ժառանգությունը չի մոռացվի»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Հոքինգը վախճանվել է մարտի 14-ին 76 տարեկան հասակում Քեմբրիջի իր տանը: Սթիվեն Ուիլյամ Հոքինգը ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել է շնչափողահատման, ինչի հետեւանքով կորցրել է խոսելու ունակությունը եւ սկսել է օգտվել խոսքի սինթեզատորից:
Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը: Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն է եւ քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ է նվիրել սեւ անցքերի ուսումնասիրմանը:
Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սեւ անցքերը եւ երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կճեպի մեջ» գործերը եւ այլ գրքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: