Բաժիններ՝

ՊՍԺ-ի նախագահն ու Նեյմարը բանակցում են Բրազիլիայում

Ֆրանսիական ՊՍԺ-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, ինչից հետո բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը, ով չէր մասնակցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչին վնասվածքի պատճառով, շատ զայրացած է թիմի գրանցած արդյունքներով և որոշել է, որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ «Բարսելոնա»:

Ըստ Mundo Deportivo-ի՝ բրազիլացի ֆուտբոլիստն արդեն իսկ դիմել է կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը հասկացել է, որ անգամ շատ մեծ աշխատավարձով և թիմում առաջատարը լինելու նախապայմանով, միևնույն է, չի կարող դուրս գալ Լիոնել Մեսսիի ստվերից:

Նեյմարի շուրջ տեղի ունեցածով շատ անհանգստացած է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին: Ըստ միջազգային մամուլի՝ Խելաիֆին այնքան անհանգստացած է, որ մեկնել է Բրազիլիա՝ անձամբ բանակցելու Նեյմարի հետ: Մամուլում տարածվում են հակասական տեղեկություններ: Մի մասը պնդում է, որ ՊՍԺ-ի նախագահը արդեն Բրազիլիայում է, մյուս մասը նշում է, որ Խելաիֆին կմեկնի առաջիկա օրերին:

Ակումբի նախագահը ցանկանում է համոզել ֆուտբոլիստին մնալ թիմում գոնե 2 մրցաշրջան: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական թվերի՝ ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարել էր 222 միլիոն եվրո:

Նշենք նաև, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը չի շտապում վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին: Նեյմարին փոխարինելու համար կատալոնացիները գնել են Կոուտինիոյին և Դեմբելեին: Եթե կապտանռնագույնները ցանկանան վերադարձնել Նեյմարին, ապա պետք է վճարեն 222 միլիոն եվրո և ավելի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս