«Մարդիկ փողոց դուրս չեն գալիս, որովհետև նրանց մի մասը եղել է գործարքի մեջ իշխանության հետ». Քաղտեխնոլոգ

168.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե առաջիկայում ՀՀ-ում ի՞նչ ներքաղաքական զարգացումներ կարելի է ակնկալել՝ հաշվի առնելով, որ առջևում վարչապետի ընտրությունն է, իսկ ընդդիմության մի հատվածն արդեն սկսել է բողոքի ակցիաներ իրականացնել Սերժ Սարգսյանի առաջադրվելու դեմ:

Ի պատասխան՝ Վ. Հակոբյանն ասաց, որ այն, ինչ անում է արտախորհրդարանական ընդդիմությունը և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը, շատ բնական է համարում, որովհետև ընդդիմությունը պետք է ձևավորի իր սեփական քաղաքական օրակարգը:

«Վերջին մեկ տարվա մեջ մենք տեսնում ենք, որ անընդհատ իշխանությունն է ինչ-որ քաղաքական օրակարգ ձևավորում, նետում քաղաքական դաշտ, և ընդդիմությունը ստիպված է լինում այդ խաղի կանոնների, թեմայի մեջ իր գործունեությունը ծավալել: Այս առումով, քաղաքական օրակարգ ձևավորելու տեսակետից՝ կարծում եմ՝ ընդդիմությունը շատ բնական քայլի է գնում, քանի որ իր համար թեմա է գտնում, որն իր կարծիքով՝ պետք է հետաքրքրի հանրությանը: Քանի որ ընդդիմությունը լծակներ չունի ազդելու որոշումների վրա և, մասնավորապես, վարչապետի նշանակման հարցում, ապա նրանց միակ գործիքը, շանսը փողոցն է: Այլ հարց է, թե որքանով է դա իրատեսական երևում: Դատելով ընդդիմության տարեսկզբի բոլոր գործողություններից՝ կարելի է դատել, որ քաղաքական ապատիան հասարակության մոտ դեռևս շարունակվում է: Գների թանկացման բավականին էմոցիոնալ և զգայուն թեմայից «Ելքը» փորձեց օգտվել, բայց չեմ կարծում, որ իրենց հաջողվեց»,- նշեց Վ. Հակոբյանը:

Հարցին՝ չստացվեց, որովհետև մարդիկ չունե՞ն հացի խնդիր, թե՞ արդեն չեն հավատում ընդդիմությանը, Վ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մարդիկ ունեն հացի խնդիր՝ նույնիսկ առանց գնաճի տենդենցի: Կարծում եմ՝ բողոքական ընտրազանգված կոչեցյալը Հայաստանում տարեցտարի աճում է: Մյուս կողմից՝ բողոքական ընտրազանգվածի մի հատվածին, որն ունի հացի խնդիր, միշտ ավելի հեշտ է կառավարել, իսկ ընտրությունների ժամանակ՝ ուղղակիորեն գնել: Հիմա փաստ է, որ մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ այդ թվում՝ նաև չվստահելով, բայց ես կարծում եմ՝ նաև հոգեբանական խնդիրներ ունենալով՝ այն առումով, որ մի մասն ամեն դեպքում եղել է գործարքի մեջ իշխանության հետ, և իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք կռվող զանգված չեն: Այսինքն՝ հոգեբանական այդ պահն էլ կա: Ցավոք սրտի՝ տարիների ընթացքում այդ զանգվածը, որը գործարքների մեջ է մտնում, ավելանում է Հայաստանում»:

Վ. Հակոբյանը գտնում է՝ «Ելքի» գլխավոր խնդիրն է՝ մինչև 2022 թվականը փորձել դառնալ ընդդիմության միակ առաջնորդը.

«Բոլոր իրենց քայլերը և ջանքերն ուղղված են դրան, որպեսզի օգտագործեն ցանկացած օրակարգ՝ ցույց տալու, որ միայն իրենք են ընդդիմություն, և 2022 թվականին գան-հասնեն այդ դիրքով, որպեսզի ոչ թե արդեն 9 մանդատ ունենան, այլ ունենան ավելի շատ մանդատներ: Իրենք նաև հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքն էլ այդ ժամանակ արդեն այլ կարգավիճակում կլինի, այլ կերպ կընկալվի հասարակության կողմից, և իրենք «Ծառուկյան» դաշինքի մանդատների մի որոշ մասը կստանան»:

Տեսանյութեր

Լրահոս