Բաժիններ՝

Լագարդը կոչ է արել կրիպտոարժույթները կարգավորել գլոբալ մակարդակով

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կոչ է արել կրիպտոարժույթների շուկան կարգավորել գլոբալ մակարդակով, այլապես այդ շուկան խիստ կքրեականացվի։ «Կարգավորման տեխնոլոգիաները եւ հսկողության տեխնոլոգիաները կարող են նպաստել կրիպտոաշխարհից քրեական տարրերի վտարմանը»,-գրել է Լագարդը ԱՄՀ-ի կայքի իր բլոգում:

ԱՄՀ-ի ղեկավարը հավելել է, որ «ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների գծով հանձնաժողովը եւ աշխարհի այլ երկրների կարգավորիչ մարմիններն այժմ նույն օրենքներն են կիրառում կրիպտոփողերի առանձին առաջնային տեղաբաշխումների նկատմամբ, ինչպես եւ սովորական արժեթղթերի առաջարկների նկատմամբ»:

«Դա օգնում է բարձրացնել թափանցիկության աստիճանը եւ գնորդներին նախազգուշացնել հնարավոր ռիսկերի մասին»,-ասել է նա: Բայց «քանի որ կրիպտոակտիվները սահմանները չեն ճանաչում, դրանց կարգավորման համակարգը նույնպես պետք է լինի գլոբալ»,-գրում է Լագարդը: Նա նշում է, որ միջազգային կոոպերացիան այդ բնագավառում արդեն բերում է դրական տեղաշարժերի, օրինակ, 2017 թվականի հունիսին ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացված միջազգային գործողության շրջանակներում փակվեց AlphaBay-ը՝ խոշորագույն անօրինական առցանց շուկան: Ավելի քան երկու տարվա ընթացքում AlphaBay-ի միջոցով ամբողջ աշխարհում վաճառվում էին արգելված թմրադեղեր, հաքերային գործիքներ, զենք ու թունավոր քիմիկատներ:

Կայքով ավելի քան 1 մլրդ դոլար է անցել կրիպտոարժույթների տեսքով: «Համատեղ աշխատանքի շնորհիվ եւ տեխնոլոգիաներն օգտագործելով ի բարօրության հասարակության, մենք կարող ենք զարգացնել կրիպտոակտիվների ներուժը՝ միաժամանակ ապահովելով, որ դրանք երբեք չդառնան անօրինական գործունեության ապաստարան կամ ֆինանսական խոցելիության աղբյուր»,-ամփոփել է ԱՄՀ-ի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս