Սեուլը և Փհենյանը նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը, որը պլանավորված է ապրիլի վերջին: Այդ մասին Սեուլում լրագրողների համար կազմակերպված հերթական բրիֆինգում հայտարարել է միավորման նախարարության ներկայացուցիչ Պեկ Տհե Հյոնը:
«Կողմերը շփումներ են իրականացնում միջկորեական գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ: Սակայն այդ աշխատանքի ակտիվ փուլը կսկսվի այն բանից հետո, երբ այս շաբաթ վերջնականապես կձեւավորվի համապատասխան կոմիտեն»,- ընդգծել է պաշտոնյան:
Այդ մարմնի նախագահ է արդեն նշանակված Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի ղեկավար Իմ Չժոն Սոկը, իսկ առաջին նիստը ծրագրված է մարտի 16-ին: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մարտի 13-ին իր ավագ խորհրդականների ու օգնականների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկա երկու ամսում Կորեական թերակղզում տեղի կունենան պատմական փոփոխություններ, որոնք կապված կլինեն առաջիկա միջկորեական եւ ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովների հետ:
«Կորական թերակղզում պայմաններ են ստեղծվել միջուկազերծման եւ խաղաղության հաստատման համար: Եթե գագաթնաժողովները հաջողությամբ պսակվեն, դա մեծ փոփոխություններ կբերի ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է նախագահը:
Մուն Չժե Ինը հորդորել է բոլոր կողմերին՝ օգտվել այդ պատմական հնարավորությունից: Ընդսմին նա նախազգուշացրել է չափազանց լավատեսությունից, քանի որ, նրա խոսքով՝ ավելի վաղ ոչ մեկի չի հաջողվել հասնել Կորեական թերակղզու իրադրության արմատական փոփոխման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: