
Թիլերսոնը լքում է Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը

Ռեքս Թիլերսոնն ազատված է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի Մայք Պոմպեոն, որը մինչ օրս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն էր: Այդ մասինշ իր Twitter-ում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը: Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարելու: Շնորհակալություն եմ հայտնում Ռեքս Թիլերսոնին աշխատանքի համար»,-նշել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:
Պոմպեոյի թեկնածությունն այժմ պետք է հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից: Ամերիկյան ԶԼՄ-ները քանիցս հայտնել են, որ Թրամփը հիասթափված է պետքարտուղար Թիլերսոնի աշխատանքից, եւ որ Թիլերսոնը պատրաստ է թողնել այդ պաշտոնը:
Պետքարտուղարի հնարավոր թեկնածուների թվում նշում էին Պոմպեոյին, ինչպես նաեւ ՄԱԿ-ին առընթեր Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Ընդ որում՝ Պետդեպը եւ Թիլերսոնն ինքն ամեն անգամ հերքում էին նախագահի հետ նրա կոնֆլիկտի վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP