Բաժիններ՝

Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչն աշխատանքից հեռացվել է ադրբեջանցիների և հայերի միջև բարեկամության կոչեր անելու պատճառով

Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչ Ռովշան Ազիզովը աշխատանքից հեռացվել է հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ազիզովը հայտնել է, որ 2004 թ. որպես անգլերենի ուսուցիչ սկսել է աշխատել Բաքվի Նիզամիի շրջանի թիվ 220 դպրոցում: Նրա փոխանցմամբ` ինքը մշտապես նախընտրել է դասավանդման ոչ ավանդական մեթոդները, դասերն անց է կացրել դերասանական խաղերի կազմակերպմամբ, որպեսզի բարձրացնի երեխաների հետաքրքրությունը:

Ազիզովը դասերի ժամանակ նկարահանել է երեխաների մասնակցությամբ հայերի և ադրբեջանցիների բարեկամության վերաբերյալ մի քանի տեսանյութեր:

«Ես, որպես ուսուցիչ, ցանկանում եմ, որ հայ և ադրբեջանցի երեխաներն ապրեն խաղաղ և անվտանգ: Ոչ ոք չի կարող երեխաների միջև ատելություն առաջացնել: Ծնողները պետք է երեխաներին մեծացնեն բարեկամության և սիրո ոգով»,-ասել է Ազիզովը:

Տեսանյութում երեխաները խաղացել են հայ և ադրբեջանցի երեխաների դերեր, ովքեր սկզբում թշնամաբար են վերաբերվել միմյանց, սակայն հետո հասկացել են, որ թշնամանքը չի կարող հավերժ շարունակվել և բարեկամացել են:

Ազիզովի այս գաղափարն առաջ է բերել Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների դժգոհությունը:

«Դեկտեմբերի 20-ին նրանք ներխուժեցին դպրոց և սկսեցին բոլորի աչքի առաջ սպառնալ ինձ, նրանք ինձ անվանեցին դավաճան, «հայկական լրտես» և պահանջեցին ինձ ազատել աշխատանքից»,-հավելել է Ազիզովը:

Դրանից 4 օր անց Ազիզովն աշխատանքային կարգապահության խախտման և աշխատանքից պարբերաբար ուշանալու կեղծ հիմնավորումներով ազատվել է աշխատանքից:

Երիտասարդ ուսուցիչն իրեն անհիմն ազատ արձակելու մեղադրանքով դեկտեմբերին դպրոցի տնօրենի դեմ բողոք է ներկայացրել Նիզամիի շրջանի դատարան և սպասվում է, որ դատարանը գործի վերաբերյալ մարտի 14-ին վերջնական վճիռ կկայացնի:

«Ամեն դեպքում տնօրենը դատավարության ժամանակ խոստովանել է, որ ինձ աշխատանքից հեռացրել է առանց իր թույլտվության դասերի ժամանակ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման մասին խոսելու և այդ թեմայով տեսանյութեր նկարահանելու պատճառով: Երբ ես տնօրենին հիշեցրեցի, որ այդ դասերին մասնակցել է նաև նրա աղջիկը, նա ասաց, որ սկզբում մտածելով, որ ժողովուրդների բարեկամության մասին տեսանյութ է լինելու, թույլատրել է, սակայն երբ իմացել է, որ խոսքը գնում է հայ ադրբեջանական բարեկամության մասին է փոշմանել»,-նշել է Ազիզովը:

Ազիզովը հայտնել է, որ այդ ամենի հետ կապված երեխաների ծնողներից և ոչ մեկը դժգոհություն չի հայտնել և մինչ օրս երեխաները և նրանց ծնողները կապ են պահում իր հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս