
«Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում կորուստների թիվն ավելանում է

Թուրքական կողմից «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել է 168 զինվոր: Այս մասին, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Թուրքական կողմի փոխանցմամբ` քրդերի հետ բախումներում սպանված զինվորներից 46-ը պատկանում են թուրքական ԶՈւ-ին, իսկ 116-ը Թուրքիային աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորմանը:
Թուրքական ԶՈւ փոխանցմամբ` 6 քաղաքացիական անձ էլ մահացել է Աֆրինի քրդական դիրքերից թուրքական սահմանամերձ Հաթայի նահանգի հրթիռակոծման հետևանքով:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրինի շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: