Բաժիններ՝

Գարո Փայլանը Տրապիզոնում եկեղեցու վրա հարձակման հարցով դիմել է ՆԳ նախարարին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման առնչությամբ հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այս մասին հայտնում է Bianet.org-ը:

Փայլանը նախարարին ներկայացրած դիմումի մեջ անդրադարձել է նախորդ տարիներին եկեղեցու վրա իրականացված հարձակումներին: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ դեռևս 2006 թվականին սպանվել էր Սանտա Մարիա եկեղեցու կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոն: Արդեն 2011 թվականի հունվարին եկեղեցին սպառնալիքներ էր ստացել այն բանի համար, որ դրա գմբեթին դրված խաչը լուսավորվում է: Եկեղեցու վրա նետվել էին շշեր, որոնցից մեկի մեջ եղել էր գրություն. «Եկեղեցու գլխի խաչը կամ դուք իջեցրեք, կամ մենք ենք իջեցնելու»: Մեկ այլ հարձակում էր գրանցվել նաև 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մի խումբ անձինք քարեր էին նետել եկեղեցու վրա՝ կոտրելով ապակիները, փորձել էին ջարդել դուռը:

«2006 թվականից ի վեր տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ եկեղեցու վրա համակարգված հարձակումները շարունակվում են»,- նշել է Փայլանը:

Նա հետաքրքրվել է նախարարից, թե արդյոք այդ հարձակումների առնչությամբ հետաքննություն սկսվել է, թե ոչ, ձեռնարկվե՞ն են քայլեր եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, ովքե՞ր են մարտի 6-ի հարձակման կասկածյալները, ինչո՞ւ այդ հարձակումը նախապես չի կանխվել:

Փայլանը փորձել է ճշտել նաև, թե թուրքական իշխանությունները քայլեր ձեռնարկե՞լ են Տրապիզոնում ապահովելու 2006 թվականից հարձակումների ենթարկվող քրիստոնյա բնակչության անվտանգությունը, ինչպես նաև կանխելու ընդհանուր առմամբ Թուրքիայում ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները, որոնց թիվը տարեցտարի աճում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս