ԿԳՆ-ն հերքում է. ԱԺ-ն Բարձրագույն կրթության մասին օրենքը ոչ միայն կառավարություն հետ չի ուղարկել, այլև՝ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում է լինելու
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը տեղեկություն ունի, որ Ազգային ժողովը հետ է ուղարկել Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը կառավարություն, որպեսզի այն լրամշակվի:
Ա. Բախշյանը գտնում է՝ օրենքի նախագիծը շատ բացեր ու խնդիրներ ունի: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ ի սկզբանե «edraft»-ում դրվեց օրենքի նախագծի մի տարբերակ, իսկ հետո կառավարությունը ներկայացրեց լրիվ այլ տարբերակ:
«Կառավարություն գնացած տարբերակի մեջ գնացել էր մի շատ վտանգավոր կետ. բուհերի կառավարման խորհրդի կազմը պետք է հաստատվի վարչապետի կողմից, որը նախնական տարբերակում չկար: Սա ճիշտ հակառակ նպատակն ունի այն բարձրաձայնած նպատակների, ինչ դրված էր այս օրենքի փոփոխության հիմքում. ապաքաղաքականացնել, ապակուսակցականացնել բուհական համակարգը: Այստեղ վտանգավոր միտում կա, ակնհայտ երևում է, որ ամեն ինչ կենտրոնացվում է վարչապետի վրա, ճիշտ են ասում, որ դառնում է սուպերվարչապետական կառավարման համակարգ»,- նշեց Ա. Բախշյանը:
168.am–ի հարցին՝ ի՞նչ առաջարկ ունեք Դուք՝ նախարա՞րը, թե՞ կառավարությունը պետք է հաստատի բուհի կառավարման խորհրդի կազմը, որովհետև նախարար Լևոն Մկրտչյանն ասում է՝ դա սկզբունքային հարց չէ իրենց համար, Ա. Բախշյանը պատասխանեց, որ ոչ ոք չպետք է հաստատի բուհական կառավարման խորհրդի կազմը:
Մեր դիտարկմանը, թե Լ. Մկրտչյանն ասում է, որ դա օրենքի պահանջ է, պետք է բուհի հիմնադիրը հաստատի բուհի կառավարման խորհրդի կազմը, որպեսզի այն կարողանա սկսել իր աշխատանքները՝ Ա. Բախշյանն այսպես արձագանքեց. «Դպրոցի կառավարման խորհուրդն ո՞վ է հաստատում. ոչ ոք: Ի՞նչ է նշանակում՝ կառավարման խորհուրդը հաստատել: Օրենքում գրված է՝ ովքեր կարող են լինել կառավարման խորհրդում և որ խումբը՝ քանի տոկոսով: Վերջ: Այդ մարդիկ պետք է ընտրվեն, կառավարման խորհուրդը պետք է ձևավորվի և սկսի գործել: Ռեկտորը պետք է հաշվետու լինի կառավարման խորհրդին, որևէ մեկը չպետք է հաստատի: Հիմնադրամի մասին օրենքում էլ նման բան չկա: Հորինովի բան է, սարքովի, պահի տակ, ո՞նց անեն՝ հարմարեցնեն վարչապետին, մտածեցին նման բան»:
Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս եղավ, որ հետ ուղարկեցին նախագիծը՝ Ա. Բախշյանն ասաց. «Հանկարծ հետ է գալիս նախագիծը, որովհետև էնտեղ մի երկու տարիքով հեղինակություն ունեցող մարդ բողոքում են տարիքի դեմ: Ես դեմ չեմ դրան, բայց դա չէ կարևոր, էնտեղ շատ ավելի կարևոր բաներ կան: Երբ ես Գրիգոր Մելքումյանի ելույթը լսեցի, ասացի՝ էս օրենքը հետ է գնալու»:
Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանն ասաց, որ նման բան չկա, ԱԺ-ն օրենքը կառավարություն չի ուղարկել. «Մենք որևէ բան չենք ստացել: Ավելին, նախնական տեղեկատվության համաձայն՝ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրվելու է: Սովորաբար ուրբաթ օրերին է վերջնական օրակարգը կազմվում, բայց այս պահի դրությամբ մեր տեղեկատվությունն այն է, որ օրենքն ընդգրկված է եկող շաբաթվա քառօրյա նիստերի օրակարգում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: