Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն երկրների միջև այցագրային ռեժիմի դյուրացման հեռանկարները
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը եւ նրա թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուն, որի աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաք սկսվել է մարտի 13-ին, պլանավորում են քննարկել երկու երկրների քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ազատականացման հեռանկարները: Այդ մասին մարտի 13-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ պլանավորվում է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղեւորությունների ռեժիմի դյուրացման հեռանկարները»,-ասված է ՌԴ ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ: Մոսկվայում Չավուշօղլուի ծրագրի գլխավոր կետը կդառնան Լավրովի հետ մարտի 14-ին կայանալիք բանակցությունները:
Կողմերը ծրագրում են համադրել դիրքորոշումները երկկողմ օրակարգի հանգուցային հարցերի շուրջ, վերլուծել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, ինչպես նաեւ քննարկել «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի եւ «Թուրքական հոսք» գազատարի նախագծերի իրագործումը:
Բացի այդ, Չավուշօղլուն կմասնակցի Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի վեցերորդ նիստին՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նախագահությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: