Ֆրանսիայում Ասադի հորեղբոր 691 մլն եվրո արժողությամբ ունեցվածք են առգրավել. Figaro
Ֆրանսիական մաքսատունը Իսպանիայի գործընկերների հետ համատեղ բռնագրավել է շուրջ 691 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ունեցվածք, որը պատկանում է Ռիֆաթ Ասադին՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հորեղբորն ու նրա մերձավորներին: Այդ մասին հայտնել է Figaro թերթը:
2016 թվականի ապրիլին Ֆրանսիայում Ռիֆաթ Ասադի նկատմամբ հետաքննություն է սկսվել 100 մլն դոլար գումարի ունեցվածք, ներառյալ ձիաբուծարան եւ շքեղ բնակարաններ, ձեռք բերելու կասկածանքով: Հունիսին Ֆրանսիայի դատախազները նրան կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրել:
Ավելի ուշ սեփականության վրա կալանք է դրվել: Ըստ հրատարակության տվյալների, իշխանություններն առգրավել են անշարժ գույքի ավելի քան 500 օբյեկտ, այդ թվում՝ Իսպանիայի Մարբել առողջարանային քաղաքի շրջանում, որոնց թվում կան առանձնատուն, քաղաքամերձ տներ, բնակելի հարկաբաժիններ եւ ռեստորան: Ռիֆաթ Ասադը Բաշար Ասադի հորեղբայրն է: Նա երկրից վտարվել էր 1983 թվականին պետական հեղաշրջման փորձից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: