Բաժիններ՝

Վրաստանը բեկում է ակնկալում Ռուսաստանի հետ ժնևյան բանակցությունների հերթական փուլում

Վրաստանի ԱԳ նախարարությունը հույս է հայտնել, որ ժնեւյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում կհաջողվի կոնկրետ քայլեր անել Ռուսաստանի հետ հարաբերություններում փակուղին հաղթահարելու համար։

«Ծանոթացանք Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությանը: Ժնեւյան բանակցությունները կարեւորագույն ձեւաչափ են ռուս-վրացական հակամարտության կարգավորման համար: Հույս ենք հայտնում, որ ժնեւյան բանակցությունների ապագա փուլում մենք կկարողանանք կոնկրետ քայլեր անել բազմամյա փակուղային դրությունից դուրս գալու եւ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-նշվում է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտի՝ մարտի 13-ին հրապարակված մեկնաբանության մեջ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մարտի 9-ին կոչ է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: «Մենք ավելի վաղ էլ հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնեւյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը: Մենք նաեւ պատրաստ ենք ուղղակի երկխոսություն վարել աբխազների ու օսերի հետ, եւ այդ տեսանկյունից դրական կլիներ իրական կառուցողական մոտեցումը Ռուսաստանի կողմից:

Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է ձեռնարկել նաեւ այլ խելամիտ քայլեր»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը: Մարտի 12-ին ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ Ռուսաստանը ողջունում է երկկողմ հարաբերությունների նորմալացման պատրաստակամության վերաբերյալ Կվիրիկաշվիլիի հայտարարությունը: «Մոսկվայում ուշադիր ծանոթացել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ մարտի 9-ին արած հայտարարությանը:

Գոհունակությամբ ենք նշում երկկողմ հարաբերությունների նորմալացման գործընթացը շարունակելու եւ խորացնելու՝ դրանում արտահայտված տրամադրվածությունը,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարությունը:- Ոչ ոք չպետք է կասկածի, որ Ռուսաստանն առաջվա պես շահագրգռված է հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների առողջացմամբ եւ պատրաստ է այնքան հեռու գնալ, որքան դրան պատրաստ են Թբիլիսիում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս