
Ճապոնացիների ավելի քան 70 տոկոսը չի վստահում միջուկազերծման վերաբերյալ Կիմ Չեն Ընի խոսքերին

Ճապոնիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը չի վստահում հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու եւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ երկխոսության ձեռնամուխ լինելու Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերին:
Այդ մասին վկայում են NHK ճապոնական հանրային հեռուստատեսության կողմից անցկացված հարցման՝ մարտի 13-ին հրապարակված տվյալները: Դրանց համաձայն, հարցվածների 71 տոկոսը չի վստահում Կիմ Չեն Ընի խոսքերին: Հարցման մասնակիցների միայն 3 տոկոսն է պատասխանել, որ հավատում է նրան:
ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը այս կամ այն չափով դրական է գնահատել հարցվածների 55 տոկոսը: Դրա նկատմամբ բացասական վերաբերմունք է հայտնել հարցախույզի մասնակիցների 35 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: