Թրամփի նոր գլխավոր տնտեսական խորհրդականը կարող է դառնալ Լոուրենս Քուդլոուն. CNN
Ամերիկացի քաղաքական տեսաբան ու մեկնաբան Լոուրենս Քուդլոուն կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականի պաշտոնում նշանակվել Գերի Քոնի փոխարեն, որը հրաժարական է տվել:
Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: ԱՄՆ-ի վարչակազմում նրա աղբյուրի տվյալներով՝ ամերիկյան պետության ղեկավարն արդեն իր օգնականներին հայտարարել է, որ կանգ է առել Քուդլոուի թեկնածության վրա: Ընդսմին CNN-ը նշում է, որ Թրամփը հայտնի է իր փոփոխականությամբ եւ մինչեւ պաշտոնական հայտարարումը վաղ է խոսել այն մասին, որ Քուդլոուն կդառնա նոր տնտեսական խորհրդական:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Քուդլոույի թեկնածությունն անսպասելի է նրանով, որ նա պաշտպանում է Քոնի տեսակետները, որը հանդես էր գալիս պողպատի եւ ալյումինի ներմուծման ամերիկյան մաքսատուրքերի սահմանման դեմ: 70-ամյա Քուդլոուն պահպանողական բնույթի հայտնի վերլուծաբան ու քաղաքական մեկնաբան է ԱՄՆ-ում:
Նա լրատվական հեռուստահաղորդում է վարել CNBC հեռուստաալիքում, ինչպես նաեւ հաճախ է իր վերլուծական հոդվածները հրապարակում ամերիկյան տպագիր հրատարակություններում ու զանազան կայքերում: 2016 թվականի ընտրարշավի ժամանակ Քուդլոուն Թրամփի խորհրդականն էր հարկային քաղաքականության մշակման հարցերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: