
Մեծ Բրիտանիայում Մայրերի օրվա առթիվ բացիկներ են թողարկել առանց «մայրիկ» բառի

Waitrose սուպերմարկետների բրիտանական ցանցի վաճառքում գենդերային առումով չեզոք բացիկներ են հայտնվել Մայրերի օրվա առթիվ: Այդ մասին հայտնել է Daily Mirror-ը: Mother (մայրիկ) բառը փոխարինել են you (դու) բառով, իսկ շնորհավորանքը հետեւյալ ձեւով Է՝ «Happy You Day» («Շնորհավորում եմ քո օրվա առթիվ»):
Ընդ որում՝ առեւտրադարակներում ներկայացված են նաեւ սովորական շնորհավորական բացիկներ: Ընկերությունում հայտնել են, որ որոշել են նոր բացիկներ թողարկել, որպեսզի ընդարձակվի այն մարդկանց ցուցակը, որոնց կարելի կլիներ դրանք նվիրել, օրինակ, տրանսգենդեր մայրերին կամ տատիկներին: Scribbler սուպերմարկետների ցանցը, իր հերթին, միասեռ զույգերի համար բացիկներ է առաջարկել «Երկու մայրն ավելի լավ է, քան մեկը» եւ «Հայրիկ, շնորհակալություն, որ դու ամենահիանալի մայրիկն ես» մակագրություններով: Մեծ Բրիտանիայում Մայրերի օրը նշվում է Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: