Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օր
4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում:
Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված:
Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է հավատով և նետվելով լիճը, պսակակից է դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40-գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը:
40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար: