Բաժիններ՝

«Եղիշե Չարենցի գրական ժառանգությունը ոսկու գին ունի». Դավիթ Գասպարյան

Մարտի 13-ին լրանում է բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 121-ամյակը: Պոետի ծննդյան օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսօր գրականագետ Դավիթ Գասպարյանը խոսեց Չարենցի անտիպ գրական ժառանգության մասին, անդրադարձ կատարեց նաև «Գիրք մնացորդաց» աշխատության իրական արժեքներին:

Եղիշե Չարենցի անտիպ գործերի հետ կապված նոր բացահայտումները տասնամյակներ անց նույնիսկ չեն դադարում հուզել ու հետաքրքրել՝ ինչպես գրականագիտական շրջանակներին, այնպես էլ՝ լայն ընթերցասեր հասարակությանը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատում է՝ ինչ ժառանգություն որ պահպանվել է պոետի մահից հետո, Փառք Աստծո, քիչ չէ, թեև այն, ինչ պահպանվել և տպագրվել է, դեռևս ամբողջը չէ. «Գոյություն ունի Եղիշե Չարենցի անտիպ գրականությունը ներկայացնող երեք գիրք՝ «Անտիպ և չհավաքված երկեր», «Նորահայտ էջեր» և «Գիրք մնացորդաց», բայց սա ևս վերջը չէ: Անպայման կա Չարենցի անտիպ ժառանգություն, որ պահվում է նախ էմինյան պահոցում, որը, սակայն, չի վաճառվել, ուրեմն կարելի է հետևություն անել, որ դրանք դեռ պահվում են, անխոս, Չարենցի ժառանգների մոտ ևս կա պահված անտիպ գրականություն:

Երբ դեռ կար Չարենցի մեծ աղջիկը՝ Արփիկը, մենք էլ շատ մտերիմ էինք, ասում էի՝ Արփիկ, արի հավաքենք տպագրենք ինչ որ կա, ասում էր՝ դա էլ թող մնա երեխաներին… այս խոսքն ինձ ենթադրել է տալիս, որ դեռ էլի չբացահայտված գրական ժառանգություն կա, որը, ինչպես հասկանում ենք՝ ոսկու գին ունի»:

Կարդացեք նաև

Գրականագետը նկատում է՝ չարենցյան ժառանգությունը միայն մեկ գրական նյութով չի սահմանափակվում. «Չարենցը հաճախ մեկ աշխատության 10-15 օրինակ էր գրում: Այս տեսակետից ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել «Գիրք մնացորդաց» աշխատության մեջ ամբողջական տեսքով հրատարակված «Դոֆինը Նաիրական» շարքի վրա: «Դոֆին» բառը ֆրանսերենով նշանակում է՝ արքայազն, իսկ իր «Դոֆինը Նաիրական» շարքով Չարենցը նկատի է ունեցել Աղասի Խանջյանին, ում չափազանց բարձր էր գնահատում ինքը: Գոյություն ունի շարքի հիմնական՝ մայր տարբերակը, գույություն ունեն ևս 3-4 մաքրագիր տարբերակներ, և կան սևագիրներ, որոնցում Չարենցը մի բառ կամ ինչ-որ մի երանգ է փոխել»:

Եղիշե Չարենցի անտիպ ժառանգությունը բնականորեն ընդգրկում է Չարենցի կյանքի վերջին շրջանը: Դավիթ Գասպարյանը նկատում է՝ եղել են նաև կեղծումների դեպքեր.

«Չարենցի յուրաքանչյուր ստեղծագործություն մի նոր էջ է հայ գրականության պատմության մեջ: Չարենցն իր ներքին բնական, աստվածատուր, դրական առումով վայրենի տարերքը վերածում էր գրի, նա հավանաբար շատ լավ գիտեր, որ իրենից հետո իր փոխարեն ապրելու է իր գիրը: Նա մի գրություն ունի՝ «Ազդ» վերնագրով, գրված 1936 թվականին, նոյեմբերի 19-ին, իսկ նոյեմբերի 16-ին իրեն անասելի դաժան ու ծավալուն մի հարցաքննության են ենթարկել: Կանխազգալով իր հետ կատարվելիք վտանգը՝ մի քանի օր անց գրում է այս ազդը.

«Եթե որևէ բերումով սույն գրություններն ընկնեն հասկացող մեկի ձեռն՝ պահել խնամքով և միայն իմ մահից հետո հանձնել մեր թանգարանին: Ոչ մի դեպքում չոչնչացնել: Լավ է հանձնել ուր լինի՝ անգամ իմ կյանքի օրով, իմանալով, որ սրանք ինձ կկալանեն-քան ոչնչացնել»: Թե այս «Ազդն» ի՞նչ գրությունների է կցված եղել, մինչ այժմ հայտնի չէ: Հավանաբար դրանք չեն եղել գեղարվեստական էջեր՝ բանաստեղծություններ, պոեմներ, և այլն, այլ գրություններ: Չարենցն այդ ժամանակահատվածում նամակներ է գրել Ամատունուն՝ ցանկանալով բացահայտել իր արդարությունը: Ես մեծ հույս ունեմ, որ ժամանակը սրանք պարզ ջրի երես կհանի, նոր հայտնաբերումներ կլինեն, որոնք մեզ ոչ պակաս կարևորագույն տեղեկություններ կհաղորդեն՝ ինչպես Չարենցի ապրած կյանքի, այնպես նաև՝ նրա ստեղծագործական կյանքի վերջին և եղերական տարիների մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս