Նեպալում կործանվել է US-Bangla Airlines-ի ինքնաթիռը
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանի շրջանում կործանվել է US-Bangla Airlines ավիաընկերության Bombardier Dash Q-400 միջին մայրուղային տուրբոպտուտակային ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
«Հրշեջներն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքի, մենք պարզում ենք աղետի պատճառները»,-ավիավթարը մեկնաբանել է օդային նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչ Նաթ Թհակուրը: Ավիաաղետը տեղի էր ունեցել ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: Տուժածների եւ զոհերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ առայժմ չեն ստացվել: Ինքնաթիռի անձնակազմի եւ ուղեւորների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է:
Ինչպես հայտնել է The Kathmandu Post թերթը, տուժել է առնվազն 17 մարդ, նրանք հոսպիտալացված են: Հրատարակության տվյալներով՝ վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց եւ մխրճվել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկել է: Reuters գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 67 ուղեւոր: Նշվում է, որ ինքնաթիռը կատարում էր Դաքա-Կատմանդու չվերթը: Օդանավակայանի վարչակազմը գտնում է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Photos from the #TIA #Kathmandu #Nepal #USBangla (Pic- @IsarojB ) pic.twitter.com/FAoWCxIttq
— Narayan Amrit (@amritna) March 12, 2018