«Առիթի դեպքում չպետք է մեղմել խանդի զգացողությունը». հոգեբան
Ինչպե՞ս մեղմել խանդի զգացողությունը:
Պատասխանում է հոգեբան Արկադի Մեհրաբյանը:
«Նախ պետք է հասկանալ, թե ինչից է առաջանում խանդը: Կա իրատեսական եւ ոչ իրատեսական խանդ։ Խանդի հիմնական երեք պատճառներն են՝
Սեփականատիրական զգացում
Անվստահություն
Պրոյեկցիա
Սեփականատիրության զգացումից առաջացող խանդը հիմնականում իրատեսական խանդն է: Այսինքն` երբ զուգընկերներից մեկը հետաքրքրված է այլ սուբյեկտով, կամ մեկ այլ սուբյեկտ իրենով:
Անվստահությունը կամ անինքնավստահությունը կարող է կրել նեւրոտիկ բնույթ, հանդես գան որպես կպչուն մտքեր, որոնք իրատեսական չեն:
Պրոյեկցիան խանդի այն տեսակն է, երբ մարդ դավաճանում է եւ իրեն թվում է, որ իրեն էլ են դավաճանում:
Անկախ խանդի տեսակից, պետք է մարդու մտածողության հետ աշխատել: Այդ անձը պետք է ձեւավորի տրամաբանական մտածողություն, այն զարգացնի, որովհետեւ խանդը հիմնականում երեւակայական մտքի արդյունք է, եւ պետք է սովորել տրամաբանական մտածողության:
Իսկ եթե մարդ խանդում է, որովհետեւ դրա պատճառը կա, այն նորմալ է: Այս դեպքում պետք է նստել եւ զրուցել զուգընկերոջ հետ:
Ընդհանուր առմամբ, պետք է մտածելակերպը փոխել, քանի որ խանդը զայրույթի դրսեւորում է, իսկ զայրույթը հույզ է, որն առաջանում է կպչուն մտքերից:
Եթե անձը փոխի մտածողությունը, կմեղմվի խանդի զգացողությունը: Այստեղ լուրջ մասնագիտական մոտեցում է պետք, որովհետեւ ինքնուրույն չի կարող ազատվել այդ կպչուն մտքերից:
Եթե կա խանդելու պատճառ, ինչու՞ մեղմել, պետք է հարցը լուծել: Խանդի առկայության դեպքում պետք է աշխատանք տարվի հոգեբանի կողմից: Ասվում է, որ թերապեւտիկ կամ օրգանական խնդիրներ կան, որոնք կարող են խանդի հանգեցնել, բայց այդպես չէ:
Միմյանց հետ շատ ժամանակ անցկացնելն է չի կարող հարցը լուծել, քանի որ հնարավոր չէ միշտ միասին լինել: Եթե անձն ունի երեւակայական մտքեր, ապա 5 րոպեով էլ միմյանցից առանձնանալու դեպքում, խանդելու համար պատճառ կգտնվի»: