«Թուրքիայի թույլ լինելը նպաստում է Հայաստանի անվտանգության բարձրացմանը»
Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ
– Պարոն Հարությունյան, ԱՄՆ-ը սպառնում է խզել պաշտպանական համագործակցությունը Վաշինգտոնի և Անկարայի միջև և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի հանդեպ, եթե նա չհրաժարվի ռուսական S-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի ձեռքբերման գործարքից։ Ձեր կարծիքով՝ Թուրքիան իսկապե՞ս դեմ կգնա ՆԱՏՕ-ին և կգնի՞ այդ համակարգերը։
– Թուրքիան բազմիցս գնացել է ՆԱՏՕ-ի որոշումների դեմ։ Դա նոր երևույթ չի, դա եղել է և՛ 70-ական թվականներին, երբ Թուրքիան դուրս է հանել ամերիկյան ռազմական բազան իր տարածքից, և՛ 2003 թ.-ին, երբ ԱՄՆ-ը կոալիցիայի հետ միասին սկսում էր մարտական գործողություններ Իրաքի դեմ, ըստ այդ ծրագրի՝ Թորքիայից ԱՄՆ զորքերը պետք է մտնեին Իրաքյան Քուրդիստան, ինչին դեմ գնաց Թուրքիան և թույլ չտվեց, որովհետև պահանջ էր դնում, որպեսզի ինքը մտնի Իրաքյան Քուրդիստան, իսկ եթե նա դա իրականացներ, ապա հակահուսեյնական կոալիցիան չէր ձևավորվի, և քրդերը չէին միանա այս կոալիցիային։ Դրա համար ԱՄՆ-ը չէր կարող դրան համաձայնել, բայց Թուրքիան թույլ չտվեց, իսկ ԱՄՆ-ի զորքերը մոտ 1 ամիս սպասում էին այդ թույլտվությանը։
Վերջում ԱՄՆ-ը իր ծրագրերը փոխեց և զորքերը մտցրեց այլ տեղից։ Այնպես որ, սա նոր երևույթ չի։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը զենք է վաճառել Հունաստանին՝ և՛ հակաօդային պաշտպանության, և՛ ռազմածովային ուժերի տարբեր զինատեսակներ, այսինքն՝ այդպիսի փորձ կա։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս իրավիճակին, ապա, եթե հիշենք ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը, վերջինս ասաց, որ հիմնական հարցը եղել է այդ գործարքի հետևանքների քննարկումը։
Եվ բնական է, Թուրքիայի քայլն այսօր, երբ նա գնում է զենք Ռուսաստանից, դա նշանակում է, որ խախտում է ՆԱՏՕ-ի կանոնները։ Եվ քանի որ հակաօդային պաշտանությունն այնտեղ գործում է՝ որպես միասնական համակարգ, այս պարագայում կառաջանան լրջագույն տեխնիկական հարցեր։ Ես բազմիցս ասել եմ, որ Թուրքիան չունի հակաօդային պաշտպանության հեռահար միջոցներ, ինչ ունի նույն Հայաստանը։ Թուրքիան ասում է, որ ինքը խնդիր ունի լուծելու, ապահովելու իր անվտանգությունը, կոնկրետ հակաօդային պաշտպանությունը։
Ռուսական S-400-ի հետ կարող է համեմատվել ամերիկյան Patriot համակարգը։ Եվ Էրդողանը հայտարարեց, որ գնում է այս քայլին, որովհետև չի կարողանում համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որպեսզի ձեռք բերի ամերիկյան համակարգերը, դրա համար էլ ստիպված են գնում Ռուսաստանից։ Սա է իրական ռազմատեխնիկական համագործակցության խնդիրն այդտեղ։
Իրականում Էրդողանը խաղ է խաղում, և Թուրքիան դա միշտ է իրականացրել, նա գնում է այնպիսի մի գործարքի, որը հակասում է ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, դրանից հետո հրաժարվում է, երբ հասնում է իր նպատակներին, գալիս են համաձայնության և իրականացնում են այն, ինչ իրենք ուզում էին՝ գինն են իջեցնում, և այլն։ Նույնն է, ինչ եղավ Եվրոպայի հետ՝ փախստականների հետ կապված, երբ Էրդողանը պայմաններ դրեց, պահանջ՝ 3 մլրդ եվրո, այդտեղ էլ լրջագույն հակասություններ եղան, և վերջում ստացվեց այնպիսի իրավիճակ, որ Եվրոպան համաձայնեց տրամադրել այդ 3 մլրդ եվրոն։ Նույնն այս դեպքում է։
Սա մի գործընթաց է, որի լուծումն ունի 2 տարբերակ։ Առաջինը՝ Թուրքիան հասնում է իր նպատակներին, և դա միայն ՀՕՊ խնդիրը չէ։ Սա շանտաժի միջոց է, որ Թուրքիան օգտագործում է։ Ինքը կհասնի իր նպատակներին, իսկ իր պահանջներից մեկն էլ Գյուլենին վերադարձնելն է Թուրքիա, որովհետև Էրդողանը համարում է, որ հեղաշրջման փորձը կազմակերպել էր Գյուլենը, իսկ ԱՄՆ-ը նրան չի հանձնում Թուրքիային։ Այնպես որ, սա լրջագույն խնդիրներ են՝ ստեղծված թուրք-ամերիկյան, թուրք-եվրոպական քաղաքականության արդյունքում, ինչն Էրդողանը փորձում է լուծել այս ճանապարհով։ 2-րդ տարբերակն այն է, որ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցությունը։
– Եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը ու Թուրքիան համաձայնության չգան, և Անկարան ձեռք բերի S-400 համակարգերը, ԱՄՆ-ն էլ գնա այդ քայլին ու պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի հանդեպ, տարածաշրջանում իրավիճակն ինչպիսի՞ն կլինի։
– Տարածաշրջանում այս իրավիճակն արդեն ունենում է իր ազդեցությունը։ Այս հակամարտությունը թուլացնում է ՆԱՏՕ-ն տարածաշրջանում, ինչը բխում է և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի շահերից։ Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ից հետո երկրորդ պետությունն է՝ իր բանակի քանակով, իր հզորությամբ, և այստեղից՝ իր բոլոր հետևանքներով տարածաշրջանում։
– Հայաստանի վրա դա ի՞նչ ազդեցություն կունենա։
– Այս իրավիճակը նպաստում է Հայաստանի անվտանգության բարձրացմանը։ Երբ Թուրքիան խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի հետ և, բնական է, որ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անելու է, որ այս գործարքը չլինի, որովհետև դա հակասում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շահերին, այդ պարագայում Թուրքիան այլևս թուլանում է, իսկ Թուրքիայի այսպիսի թույլ լինելը նպաստում է անվտանգությանը տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի անվտանգությանը, որովհետև նա այս պարագայում չի հրահրելու ռազմական գործողություններ Ղարաբաղում, որովհետև դա իր շահերից չի բխում։
Այս թուլացած վիճակում նա չի կարող դա անել, հատկապես, որ Ռուսաստանի հետ ինքը հիմա ստիպված գտնվում է հարաբերությունների մեջ, որպեսզի կոմպենսացնի այն սպառնալիքները, որ կարող են լինել, և նրանք համագործակցում են Սիրիայի հարցում։ Այն ծրագրերը, որ ուներ Թուրքիան, չէր կարող իրականացնել ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի հետ միասին, իսկ իր նպատակն էր՝ մասնատել Սիրիան կամ իշխանության բերել մեկին, որը կապահովի Թուրքիայի շահերն այդ տարածաշրջանում։
Երբ տեսավ, որ դա չի լինում այս տարբերակով, և տեսնում է, որ Ռուսաստանն է այնտեղ խնդիրներ լուծում՝ կարողացավ իշխանությունը պահել և թույլ չտալ մասնատել Սիրիան, ապա Էրդողանը հիմա փորձում է լուծել նույն խնդիրն այնտեղ Ռուսաստանի միջոցով։