Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը պատմական է որակել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի առաջիկա բանակցությունները

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պատմական ուղենիշ է որակել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի վարչակազմի մամուլի քարտուղար Կիմ Ըհ Գյոմը, որի խոսքը մեջբերել է Yonhap գործակալությունը:

«ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կդառնա պատմական ուղենիշ, որի շնորհիվ Կորեական թերակղզում խաղաղություն կհաստատվի»,-վստահություն է հայտնել նախագահը: Նրա կարծիքով՝ եթե բանակցությունները կայանան, «կդրվի թերակղզու միջուկազերծման սկիզբը»: Հարավային Կորեայի կառավարությունը կօգտագործի այդ հնարավորությունը, որն իսկական հրաշք է»,-հավելել է Մուն Չժե Ինը:Նա նաեւ շնորհակալություն է հայտնել քաղաքական գործիչներին նրանց «արիության ու իմաստնության» համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի նախագահին առաջարկել է անձնական հանդիպում անցկացնել, եւ Դոնալդ Թրամփը համաձայնել է: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ-ի նախագահի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ: Թրամփը մեծ առաջընթաց է համարում միջուկազերծման աշխատանքն սկսելու շուրջը ԿԺԴՀ-ի հետ ձեռք բերված համաձայնությունները:

«Մեծ առաջընթաց է ձեռք բերվել, բայց պատժամիջոցները կպահպանվեն, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել: (Կիմ Չեն Ընի հետ) հանդիպումը պլանավորվում է»,- հավելել է նա: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 9-ին լրագրողներին հայտարարել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի դիրքորոշման մեջ կատարված փոփոխությունները:

«Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած փոփոխությունները, որը դիմել Է բանակցություններ սկսելու առաջարկությամբ, որոնք միջուկազերծում են նախատեսում: Դա Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի սերտ փոխգործակցության, ինչպես նաեւ այն հզոր ճնշման արդյունքն է, որը Հյուսիսային Կորեայի վրա գործադրվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ ամբողջ համաշխարհային հանրակցության կողմից»,-ասել է Աբեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս