Եվրախորհրդարանը չի հետեւելու Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք ընտրությունների ընթացքին
Եվրախորհրդարանի պաշտոնյաները չեն հետեւելու առաջիկայում Ադրբեջանում եւ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին: Այդ մասին հաղորդվում է ԵԽ-ի մամուլի տեղեկագրում:
Ռուսաստանում ընտրությունները նշանակված են մարտի 18-ին, Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին: «Եվրախորհրդարանը չի հետեւելու ընտրական գործընթացին եւ, հետեւաբար, չի մեկնաբանելու այն եւ ավելի ուշ հայտարարված արդյունքները»,-ասված է փաստաթղթում:
ԵԽ-ի անդամներից ոչ մեկը Եվրախորհրդարանի անունից դիտորդ դառնալու պաշտոնական մանդատ չի ստացել, ուստի եվրախորհրդարանականներից որեւէ մեկի ցանկացած նման նախաձեռնությունը կլինի բացառապես անձնական, նշվում է հաղորդագրության մեջ:
ԵԽ-ում նաեւ հայտարարել են, որ իրենց լիագումար նիստում մտադիր են քննարկել ԵՄ-ի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին զեկույցը: Այդ փաստաթուղթը կներկայացնի ԵԽ-ի պաշտոնական դիրքորոշումը ընտրությունների թեմայի վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: