
Օբաման Netflix-ի հետ բանակցություններ է վարում սեփական շոուի շուրջը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Netflix ընկերության հետ բանակցություններ է վարում սեփական շոուի թողարկման շուրջը: Այդ մասին մարտի 8-ին գրել է New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հայտնի է, որ բանակցություններին նաեւ մասնակցում է նախկին առաջին տիկին Միշել Օբաման:
Սերիաների քանակը եւ դրանց ձեւաչափն առայժմ որոշված չեն: Netflix-ը պատրաստ է նախկին նախագահին վճարել էքսկլյուզիվ կոնտենտի համար, որը հրատարակությունը «ոգեշնչող պատմություններ է» անվանում: Շոուի թեմաներ կարող են դառնալ այն խնդիրները, որոնց Օբաման ուշադրություն է նվիրել՝ լինելով նախագահ. առողջապահությունը, ներգաղթի քաղաքականությունը, ընտրական իրավունքը, կլիմայի փոփոխությունը, Միշելը կարող է հաղորդում վարել ճիշտ սնվելու մասին:
Ամուսինները նաեւ կարող են դառնալ վավերագրական կամ խաղարկային այնպիսի շոուների վարողներ, «որոնք համապատասխանում են իրենց հայացքներին եւ արժեքներին», գրում է New York Times-ը: Գումարը, որի մասին խոսվում է պարտավորագրում, չի հրապարակվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: