«Չէի ասի, որ հանրապետականների նյարդերը տեղի են տալիս»

Հարցազրույց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանում ակտիվացում է նկատվում.  ներկայումս ԱՄՆ-ում է Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը, մեր երկրում է ԱՄՆ պաշտպանության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչը, մարտի 19-ին կայանալու է Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի նիստը, 1 ամսվա ընթացքում Հայաստան են եկել ԱՄՆ պետքարտուղարի օգնականների երկու տեղակալներ: Ըստ Ձեզ՝ այս ակտիվացումն ինչո՞վ է պայմանավորված։

– Նախ՝ երկու երկրների գործադիր իշխանությունների շփումները շարունակական բնույթ են կրում, այսինքն՝ հայ-ամերիկյան պաշտոնական շփումները շարունակական են, մեկ անգամով չեն սահմանափակվում, այլ տարեկան մի քանի անգամ տարբեր ֆորմատներով տեղի են ունենում։

Երկրորդ՝ պառլամենտական դիվանագիտության տեսանկյունից, այո՛, հայ-ամերիկյան խորհրդարանական խումբն այս պահին գտնվում է Վաշինգտոնում, սա, հավանաբար, ամենաբարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունն է, որ նոր վարչակազմի օրոք և նորընտիր ՀՀ ԱԺ կազմից մեկնել է Վաշինգտոն։ Չնայած նրանց հանդիպումները հիմնականում լինելու են օրենսդիր իշխանության, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բայց նման հանդիպումները կարևոր են, և ոչ միայն՝ Ներկայացուցիչների պալատի, այլև Սենատի հետ հարաբերությունները զարգացնելու առումով։ Կարծում եմ՝ այցն արդյունավետ կլինի։

– ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսն օրերս կրկին խոսել է կոռուպցիայից՝ նշելով, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է չարաշահված մնալ։ Ի՞նչ են նշանակում դեսպանի պարբերաբար նման հայտարարությունները։

– Պարոն Միլսն ակտիվ շփվում է հայկական ԶԼՄ-ների հետ, նա բավականին բաց է, և իր հարցազրույցների հիմնական թեզերը, որոնք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն են այս կամ այն հարցի վերաբերյալ, մշտապես բարձրաձայնում է։ Այո, ձևակերպումը, մոտեցումները նոր չեն, և ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ի այդ մոտեցումները ծանոթ են։

Դա կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարն է, դա օլիգոպոլիաների և մենաշնորհների դեմ պայքարն է։ Եվ այդ մասին խոսում են ոչ միայն՝ ԱՄՆ-ի կամ այլ պետությունների դեսպաններ, այլ նաև՝ հենց ՀՀ իշխանությունները, և այս առումով որոշակի աշխատանք տարվում է:

Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, և մեր ամերիկացի գործընկերները դա նկատում են, ու տարբեր ինդեքսներով Հայաստանի դիրքերը տարբեր ժամանակահատվածներում դրական առումով աճ են գրանցել։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է կանգնենք, այլ պետք է այս աշխատանքը շարունակական լինի հենց մեր գործընկերների հետ միասին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ միասին, որը նույնպես ակտիվ է այդ գործընթացներում և ՀՀ իշխանություններին աջակցել է վերջին 25 տարիների ընթացքում։

– Բայց հանրապետականների նյարդերը, կարծես, տեղի են տալիս, հակադարձում են, թե ԱՄՆ-ում էլ կա կոռուպցիա, թող իրենց աչքի փուշը տեսնեն։

– Նախ՝ չէի ասի, որ հանրապետականների նյարդերը տեղի են տալիս։ Երկրորդ՝ համաշխարհային կոռուպցիայի ինդեքս կա, աշխարհի բոլոր պետություններն էլ այս կամ այն չափով ունեն կոռուպցիա, այլ խնդիր է, թե որքան այդ կոռուպցիան շոշափելի է և որքան լուրջ ազդեցություն է ունենում պետության զարգացման, տնտեսական առաջընթացի վրա։

ԱՄՆ-ն էլ բացառություն չէ, այնտեղ էլ կան կոռուպցիոն երևույթներ, տարբեր տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտվել են կոռուպցիոն սխեմաներով և կոռուպցիոն գործերով։ Բայց դա չի նշանակում, որ համեմատելի են մեր երկրում և ԱՄՆ-ում եղած կոռուպցիայի տեսակները։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի անզիջում, և ԱՄՆ մեր գործընկերները մեզ մշտապես աջակցություն առաջարկել են, և մենք էլ գրեթե միշտ օգտվել ենք իրենց առաջարկած հնարավոր բոլոր մեխանիզմներից կոռուպցիայի դեմ պայքարելու համար։

– Հայ-ամերիկյան շփումների ակտիվացման այս փուլը հաջորդեց նրան, որ ԱՄՆ-ը ՀՀ իշխանություններին զգուշացրեց ռուսական զենքի ձեռքբերման և պատժամիջոցների վտանգի մասին։ Ի՞նչ կապ կա այստեղ։

– Եթե Հայաստանի դեմ ԱՄՆ-ը կիրառի պատժամիջոցներ, որպեսզի ՀՀ-ն զենք ձեռք չբերի Ռուսաստանից, ապա ես վստահ եմ, որ Հայաստանը զենք է ձեռք բերելու Ռուսաստանից, թեկուզ ընկնելով ԱՄՆ-ի սանկցիաների տակ և, կարծում եմ, մեր պետական համակարգում այս ընկալումը կա և կա ԱՄՆ-ում, դրա համար ԱՄՆ-ում շատ արագ որոշումներ չեն կայացնում։ Այստեղ կարևոր է, որ ԱՄՆ-ում կա այդ ընկալումը, որ, եթե Հայաստանը զենք ձեռք չբերի Ռուսաստանից, հետևաբար՝ նաև Ադրբեջանը զենք ձեռք չի բերի Ռուսաստանից, քանի որ սանկցիաներ կկիրառվեն նաև նրա նկատմամբ, բայց քանի որ Ադրբեջանը հնարավորություն ունի զենք ձեռք բերելու Թուրքիայից, Պակիստանից, Սաուդիան Արաբիայից, Իսրայելից, մենք այդ հնարավորությունները չունենք, այսինքն՝ այս քայլով ԱՄՆ-ը տարածաշրջանում զենքի և զինված ուժերի բալանսը կխախտի, ինչը պայթյունավտանգ է։

Եվ, ես կարող եմ վստահությամբ ասել, որ այդ դեպքում Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի վարանի և կհարձակվի Լեռնային Ղարաբաղի վրա։ Դրա համար ես կարծում եմ, որ որքան էլ ԱՄՆ-ը այդ քաղաքականությունն իրականացնի, նրանք հաշվի են առնելու այս բարդ իրավիճակը և Հայաստանի նկատմամբ նման պատժամիջոցներ չեն կիրառելու։

– ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի ներկայացուցիչը մարտի 9-ին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հարցեր։ Ի՞նչ ձևով կարող է լինել այդ համագործակցությունը։

– Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ընդհանրապես շատ երկար տարիների պատմություն ունի։ Գիտեք, որ մենք Վաշինգտոնում բացել ենք ռազմական կցորդի առաջին գրասենյակն անկախ Հայաստանի պատմության տարիների ընթացքում, որովհետև հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը բազմավեկտոր էր և բավականին ակտիվ էր։ Տարբեր ծրագրեր իրականացնելու համար Հայաստանին ԱՄՆ-ի տրամադրած ռազմական օգնությունն ունի տասնամյակների պատմություն, և տասնյակ-միլիոնավոր դոլարներ են տրամադրվել ՀՀ-ին։ Ուսումնական մի շարք ծրագրեր կան, Հայաստանի հարյուրավոր սպաներ սովորում են ԱՄՆ-ի տարբեր ռազմական բուհերում։

Այս առումով վերջին այցը զարմանալի չէ, հատկապես՝ ՀՀ ռազմական դիվանագիտության ակտիվացման ֆոնին։ Ես կարծում եմ, որ ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ մեզ համար չափազանց կարևոր է ոչ միայն՝ երկկողմ ձևաչափով, այլ նաև՝ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների ձևաչափում։ Չմոռանանք, որ նախորդ տարի Հայաստանի զինված ուժերը մասնակցում էր Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զինավարժություններն, որին մասնակցեց նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շատ ակտիվ է, և վստահ եմ, այստեղ մենք դեռ շատ անելիքներ ունենք ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ այն ծրագրերի շրջանակներում, որոնց համար ԱՄՆ-ը մեզ աջակցում է և ֆինանսավորում է տրամադրում։

– Ռուսաստանի կողմից խանդի դրսևորումներ սպասե՞նք։

– Չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից խանդի նոր կամ հին դրսևորումներ եղել են կամ լինելու են, որովհետև մենք անկեղծ ենք ռուսների հետ աշխատել, որովետև մենք ՀԱՊԿ անդամ ենք և, միևնույն ժամանակ՝ ակտիվ գործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանությունը շատ ադեկվատ վերաբերմունք ունի այս ամենի նկատմամբ։

Եթե էքսպերտային հանրությունը կամ հանրային, քաղաքական կամ հասարակական գործիչները կարող են ինչ-ինչ տրամադրություններ հրահրել Ռուսաստանում, դա բացարձակ չի նշանակում, որ այդ մտավախությունները կան Կրեմլում, որովհետև մեր երկրների ղեկավարները բաց և անկեղծ են շփվում միմյանց հետ, իսկ ՌԴ-ի կողմից որևէ ճնշում չի լինում մեր նկատմամբ՝ այս կամ այն զորավարժությանը մասնակցելու, ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ համագործակցության տեսանկյունից։ Կարծում եմ՝ այս պարագայում ևս ՌԴ-ի կողմից որևէ բացասական մոտեցում չի լինի այս հարցի վերաբերյալ, և հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմական ոլորտում կշարունակեն զարգանալ այն տեմպերով, ինչ զարգացել են։ Այսինքն՝ որևէ դանդաղում ես չեմ կանխատեսում։

Տեսանյութեր

Լրահոս