
Ավելի քան 1 միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում. NBC

Անբարենպաստ եղանակային պայմանների, այդ թվում՝ ձյան առատ տեղումների պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում: Այդ մասին մարտի 8-ին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ համատարած անջատումներ են տեղի ունեցել, մասնավորապես, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Մասաչուսեթսի նահանգների առանձին բնակավայրերում: Բացի նրանցից, եղանակը տհաճ անակնկալներ է մատուցել Քոնեքթիքութի, Ռոդ Այլենդի, Վերմոնտի, Նյու Հեմփշիրի, Մենի նահանգների բնակիչներին: Տարերքի հարվածի գոտում հայտնված տարածաշրջաններում կոմունալ ծառայությունները բերվել են աշխատանքի արտակարգ ռեժիմի:
FlightAware պորտալի տվյալների համաձայն, որը հետեւում է օդանավերի տեղաշարժումներին, մարտի 8-ին ԱՄՆ-ում չեղարկվել են 500-ից ավելի ավիաչվերթներ: NBC-ի տեղեկատվության համաձայն՝ տարերքն առնվազն երկու մարդու մահվան պատճառ է դարձել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: