
Թրամփը համաձայնեց հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի նախագահին առաջարկել է անձնական հանդիպում անցկացնել, Դոնալդ Թրամփը համաձայնել է: Այդ մասին, ինչպես հայտնել է Fox News հեռուստաալիքը, մարտի 8-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդական Չոն Ըյ Յոնը։
Նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ցանկություն է հայտնել «հանդիպել նախագահ Թրամփի հետ հնարավորինս շուտ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարը պատասխանել է համաձայնությամբ՝ հավելելով, որ ցանկանում է անձամբ հավաստիանալ, որ Կիմ Չեն Ընը հրաժարվել է իր միջուկային հավակնություններից, եւ պատրաստ է դա անել «մինչեւ մայիս»:
Սեուլի ներկայացուցիչը նաեւ հայտնել է Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջեւ սպասվող հանդիպման մասին: Մարտի 8-ին ավելի վաղ Հարավային Կորեայի պատվիրակությունը եղել է Սպիտակ տանը, որպեսզի ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին տեղեկացնի Փհենյանի հետ կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին:
Ամփոփելով այցի արդյունքները՝ Հարավային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է հասնել Կորեական թերակղզու միջուկազերծման, ինչպես նաեւ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ եւ դրանց ընթացքում դադարեցնել միջուկային եւ հրթիռային փորձարկումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: