«Ելքն» արդեն քանի ընտրություն է՝ անտեսում է ՏԻՄ-երում հաղթելու կարևոր հանգամանքն ու արհամարհում այս ընտրությունները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս կիրակի՝ մարտի 11-ին, Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրությունները հերթական են, մեկում՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, ավագանու անդամների արտահերթ ընտրություն։ 20 համայնքներից չորսում տեղի կունենա միայն համայնքի ղեկավարի ընտրություն, վեցում՝ համայնքի ավագանու, իսկ տասը համայնքում՝ ե՛ւ ղեկավարի, ե՛ւ ավագանու։

Համայնքի ղեկավարների թեկնածուների հիմնական մասը ՀՀԿ-ից է եւ միանձնյա թեկնածուներ՝ մրցակիցներ չունեն, նրանց ճնշող մեծամասնությունն էլ՝ գործող համայնքապետեր։

Միայն երկու համայնքում՝ Լոռու մարզի Դեբետ եւ Կոտայքի մարզի Հացավան համայնքներում են թեկնածուները ԲՀԿ-ից, իսկ մեկ համայնքում էլ՝ Դաշնակցությունից․ նա նույն՝ Դեբետ համայնքի ղեկավարի համար պայքարում է ԲՀԿ-ական թեկնածուի դեմ։ Այս համայնքում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել ու դաշտը թողել է ազատ, որ մրցակցեն նախկին ու ներկա կոալիցիոն կուսակցությունները։

Սա եւս մեկ անգամ փաստում է ՀՀԿ-ի մոնոպոլ դերը ՏԻՄ ընտրություններում։ Այս մոնոպոլիայի հարցում իր մեղքի բաժինն ունի մոնոպոլիաների դեմ ամբիոններից պայքարող ընդդիմությունը, որը կարող է լիարժեք օգտագործել օրենքով ընձեռված հնարավորությունն ու կոտրել իշխանական այս մենաշնորհը, բայց չի անում։

Մասնավորապես՝ խոսքն այս դեպքում «Ելք»-ի մասին է, որը խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններում որոշակի հաղթանակ գրանցելուց հետո ձեռքերը ծալել է ու մի կողմ քաշվել։ Նրանք արդեն քանի ընտրություն է՝ անտեսում են ՏԻՄ-երում հաղթելու ոչ պակաս կարեւոր հանգամանքն ու արհամարհում այս ընտրությունները։

Մինչդեռ նույն «Ելք»-ից, օրինակ, Էդմոն Մարուքյանը, որ Լոռու մարզից ընտրված պատգամավոր է, ամեն առիթով բարձրագոչ ելույթներ է ունենում մարզերի համաչափ զարգացման մասին, քննադատում իշխանություններին ամեն ինչ Երեւանում կենտրոնացնելու, մարզերն անտեսելու համար։

Բայց նույն անտեսողի դերում իրենք են, երբ ոչ մի ՏԻՄ ընտրության չեն մասնակցում ու չեն փորձում ՀՀԿ-ից իշխանությունը վերցնել, թեկուզ՝ գյուղ առ գյուղ։ Իրենք «պլանկան» ավելի բարձր են դրել ու ավելի հավակնոտ ծրագրեր ունեն՝ միանգամից երկիրը գրավել, որն այդպես էլ չի ստացվում նրանց մոտ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս