«Պուշկինի դպրոցում դրամահավաք է իրականացվել, բայց՝ կապված լրացուցիչ ինչ-որ ծառայությունների հետ. Դա դեռ պետք է փորձեմ պարզել». Արայիկ Հարությունյան
Անցած շաբաթվա վերջից արդեն տեղեկություններ էին ստացվում, որ մանկապարտեզներում և դպրոցներում դրամահավաքներ են իրականացվում Մարտի 8-ի կապակցությամբ։ Այդ տեղեկությունների հետքերով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը շրջել է մանկապարտեզներում և դպրոցներում։
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դիմել էր ծնողներին՝ հորդորելով տվյալներ հաղորդել հնարավոր դրամահավաքների մասին։
«Ես գրառում էի կատարել, որ այցելելու եմ մանկապարտեզներ, դպրոցներ, որպեսզի տեղում արձանագրեմ՝ կա՞ն նման երևույթներ, թե՞ ոչ։ Գրառումս ավելի շատ կանխարգելիչ նշանակություն ուներ, որովհետև այդ գրառումից հետո ես կարող էի ցանկացած մանկապարտեզ մտնել և արձանագրել նվիրատվությունները»,- ասաց Ա.Հարությունյանը։
Նա նշեց, որ այցելությունների ընթացքում պարզվել է, որ Պուշկինի դպրոցում իրականացվել է դրամահավաք, բայց՝ կապված լրացուցիչ ինչ-որ ծառայությունների հետ.
«Դա դեռ պետք է փորձեմ պարզել, այդ թվում՝ ևս մեկ անգամ կհանդիպեմ տնօրենի հետ»։
Մանկապարեզների վերաբերյալ Ա.Հարությունյանը մի քանի նամակ է ստացել ծնողներից, որոնք նշել են, որ նախորդ օրը հավաքված գումարները վերադարձվել են. «Ենթադրում եմ, որ սա կանխարգելման արշավի արդյունք է եղել։
Ծնողներից մեկը շատ կոնկրետ նշեց, որ իրենց ասել են, որ գալու են ստուգեն, դրա համար դրամահավաք չեն իրականացնելու։ Եթե այս գործընթացը շարունակական լինի, շատ լավ կլինի։ Շատ ծնողներ կան, որոնց համար անհասկանալի էին իմ գրառումները, իրենց թվում էր, որ իրենք դրանով լավություն են անում իրենց երեխաներին, երբ դրամահավաք են անում, գումար կամ նվեր են տալիս դաստիարակներին և դայակներին, մինչդեռ սա շատ կոնկրետ խաթարում է երեխայի հոգեբանությունը, և ես փորձում եմ նրանց հետ աշխատել ու սա հասու դարձնել։
Խաթարում է, քանի որ երեխան արդեն փոքրուց հարցերը լուծելու, խնդիրները լուծելու մեթոդ տեսնում է կոռուպցիան, նվերները, գումար հավաքելը, և արդեն սկզբից ընդհանուր կրթական համակարգի նկատմամբ անվստահություն է լինում։
Եթե կարողանանք հենց սկզբից, մասնավորապես՝ մանկապարտեզներից, այս տրամադրությունները փոխենք թե՛ երխաների, թե՛ ծնողների մոտ, ապա կկարողանանք ընդհանուր կրթական համակարգի վրա դրական ազդեցություն ունենալ, որովհետև մանկապարտեզից արդեն կրթված ծնող է գնալու դպրոց, և ինքն այդ կանխարգելման, դրամահավաքի անթույլատրելիության վերաբերյալ բավարար գիտելիք կունենա ու կկարողանա այդ դրական փորձը նաև դպրոցներում տարածել»։