«Պատերազմի սպառնալիքը դիվանագիտության ավանդական գործիք է». Բրայզան` Ալիևի և Հասանովի հայտարարությունների մասին
«Երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վերջերս հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիևը:
Նրա այս հայտարարությանը հաջորդել էր Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտում պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի:
Նախ խոսելով Ալիևի պատմական տարածքային հավակնությունների մասին` Մեթյու Բրայզան փորձեց բացատրել, թե ինչ է, ամենայն հավանականությամբ, նկատի ունեցել Ադրբեջանի նախագահը:
Մեթյու Բրազյայի խոսքով՝ այդ հայտարարություններն արտացոլում են Ռուսաստանի կայսրության կազմում Երևան գուբերնիայի (մարզ) հիշողությունը, որը ձևավորվել էր 19-րդ դարի կեսերին:
«Իմ ընկալումն այն է, որ մինչ Երևան գուբերնիայի բնակիչների մեծամասնությունը հայեր էին, որոշ շրջաններ, այդ թվում՝ ինքնին Երևանը, ուներ ադրբեջանական մեծամասնություն՝ համաձայն 1897 թվականի Ռուսական կայսրության մարդահամարի արդյունքների: Այնուամենայնիվ, երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- ասաց Մեթյու Բրայզան:
Անդրադառնալով Հասանովի հայտարարությանն ու այս փուլում ադրբեջանական կողմից պատերազմ սկսելու մասին խոսակցություններին` դիվանագետն ասաց, որ հավանական չէ, որ ադրբեջանական կողմը նոր պատերազմ նախաձեռնի, հատկապես, երբ նախագահական ընտրություններն են մոտենում:
«Միևնույն ժամանակ՝ չգիտեմ, թե Պաշտպանության նախարար Հասանովն ինչ է ունեցել մտքին՝ անելով հայտարարություն, որը Դուք եք մեջբերում: Ճիշտ է, որ ռազմական հակամարտությունը կարող է բռնկվել ցանկացած պահի շփման գծում:
Միևնույն ժամանակ՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կպահանջի էական ժամանակ և ջանքեր՝ տեղաշարժելու համար ծանր սպառազինությունն ու զորքերի մեծ քանակը նախատեսված վայր: Պատերազմի սպառնալիքը, այնուամենայնիվ, դիվանագիտության ավանդական գործիք է, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հիշեցնում է Հարավային Կորեայի կոնտեքստում»,- ասաց Մեթյու Բրայզան: