«Հայկական կողմը կարող է իր մեծ ներդրումն ունենալ այդ ոլորտում». Ղազախստանի դեսպան

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Ղազախստանի նախագահ Նազարբաևի գիրքը և անդրադարձավ հայ-ղազախական հարաբերություններին․

«Նազարբաևն իր «Անկախության դարաշրջան» գրքում հստակ շարադրում է, թե անկախության 26 տարիների ընթացքում Ղազախստանը զարգացման ինչ ճանապարհ է անցել։ Նախագահը շատ պարզ պատկերում է այն բարդություններն ու այն իրավիճակները, որոնք եղել են Ղազախստանում այս 26 տարիների ընթացքում։ Այս գիրքը հետաքրքիր է նրանով, որ հստակորեն փոխանցում է այն բոլոր դժվարությունները, որոնք ունեցել են Ղազախստանն ու Հայաստանն իրենց անկախության ճանապարհին։ Երկրորդ՝ այդ գիրքը մեզ մտածելու առիթ է տալիս, թե ինչ առաջադրանքներ դեռ չեն կատարվել, ինչը կարելի է լավացնել»։

Ինչ վերաբերում է հայ-ղազախական հարաբերություններին, դեսպանն ասաց, որ երկու երկրների միջև առկա են շատ կառուցողական և գործընկերային հարաբերություններ։ Միևնույն ժամանակ, նա գոհացուցիչ չի համարում երկու երկրների միջև եղած առևտրատնտեսական հարաբերությունները։

«Իհարկե, և՛ Ղազախստանի, և՛ Հայաստանի իշխանությունների ու հասարակության գործակցության հիմքը պետք է կոմպլեքս համագործակցությունը լինի՝ սկսած առևտրից, ներդրումներից, վերջացրած հումանիտար ոլորտով, մշակութային համագործակցությամբ։ Կարևոր է նաև ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում միավորել մեր ընդհանուր ջանքերը»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում, և ի՞նչ կարող են երկու երկրներն առաջարկել միմյանց։ Ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ Ղազախստանը կարող է առաջարկել ոչ ավելին, քան առաջարկում է մյուս երկրներին։

«Մենք հաճախ ենք տարբեր հարթակներում խոսում, որ առջևտրաշրջանառությունը Հայաստանի և Ղազախստանի միջև չի համապատասխանում մեր պոտենցիալին։ Մենք հրաշալի գիտենք, որ Հայաստանից Ղազախստան արտահանվող ապրանքները մեծ պահանջարկ ունեն, օրինակ՝ գինին, կոնյակը, հուշանվերները, որոնք հրաշալի ավանդույթներ ու պատմություն ունեն։ Հայաստանը նաև հրաշալի ինտելեկտուալ կադրեր է թողարկում, արվեստի, մշակույթի ոլորտում մենք  կարող ենք անվերջ թվել մեծագույն անուններ»,- պարզաբանեց դեսպանը։

Նրա խոսքով՝ Ղազախստանն ունի հստակ արտահանման սխեմա, մեծ հնարավորություններ․«Ղազախստանն արտահանում է էներգակիրներ, գյուղատնտեսական արտադրանք, մեքենաշինական ապրանքներ, տարբեր տեսակի հաստոցներ, տարբեր մեխանիզմներ, և այլն։ Կան նաև այլ ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ հայկական շուկայում, բայց վատն այն է, որ հայկական շուկան փոքր է, և մենք փոքր ծավալներով պետք է աշխատենք։

Մենք կարող ենք ոչ թե ապրանքների, այլ, օրինակ՝ ծառայությունների ոլորտում համագործակցել։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, գործարարներն արդեն հստակ աշխատում են այդ ուղղությամբ։ Նաև ներդրումների ուղղությամբ ենք աշխատում, ինչը մեզ առաջարկում են հայկական իշխանությունները, մասնավորապես՝ Հայաստանում տուրիստական ենթակառուցվածքների ներդրման ուղղությամբ։ Շուկան այստեղ հետաքրքիր է, բայց նեղ, քանի որ այդ շուկայում աշխատում են ռուսական, եվրոպական ներդրողները, որոնց հետ պետք է մրցակցենք»։

Թիմուր Ուրազաևը նկատեց՝ Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթությունը ոչ նյութական ուղղությունների զարգացումն է` IT ոլորտը։ «Թվայնացումը ԵՏՄ երկրներում արդեն տեսանելի է, մենք տեսնում ենք, որ ապրանքների վերահսկումը, ստուգումների համակարգը, ամեն ինչ թվայնացված է, որ մաքսիմալ հարմար լինի ստուգման համակարգը, և դա շարունակական կլինի․ հայկական կողմը կարող է իր մեծ ներդրումն ունենալ այդ ոլորտում»։

Ինչ վերաբերում է տուրիզմին, նա ասաց, որ քայլեր են արվում նաև այդ ուղղությամբ․ «Հայկական կողմը պետք է գրավիչ փաթեթներ առաջարկի ոչ միայն Ղազախստանի, այլ նաև այլ երկրների զբոսաշրջիկներին, որ Հայաստանի տեսարժան վայրերն այցելելուց հետո նրանք մեկնեն Վրաստան և ծովափնյա հանգիստ վայելեն»։

Տեսանյութեր

Լրահոս