
Արցախն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական կառույցների հետ. ԱԳ փոխնախարար Ալեքսանյանի հանդիպումները Բրյուսելում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 28-ին Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։
Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանի և կառույցի մի շարք ակտիվիստներ հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է եվրոպական երկրներում ապրող հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում և նրանց ներուժի պատշաճ օգտագործումը եվրոպական տարածքում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և hայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման ուղղություններով:
Մարտի 1-ին Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի և պատասխանատու մի շարք աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։
Այնուհետև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալը աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլեյնի Թեոխարուսի հետ։ Անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։
Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։