
«Ես ընդամենը վարձու աշխատող եմ և չեմ որոշում իմ ապագան». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չգիտի՝ արդյո՞ք կմնա ակումբում: 68-ամյա մասնագետը գլխավորում է «զինագործներին» արդեն 22 տարի, և մամուլում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Վենգերի ժամանակը լոնդոնյան ակումբում մոտենում է ավարտին: Մարզիչն ինքը չգիտի, թե դեռ ինչքան կմարզի «Արսենալը»:
«Կյանքում դուք կենտրոնանում եք սեփական աշխատանքի որակի վրա, ինչքան եք դուք նվիրված աշխատանքին, ինչքան ուժ եք ներդնում: Բայց կան հարցեր, որոնք ձեզանից կախված չեն: Դուք՝ լրագրողներդ, չեք կարող որոշել ձեր ապագան ձեր թերթում, և իմ գործերն էլ ճիշտ նույն ձևի են: Ես չեմ որոշում իմ ապագան «Արսենալում»: Ես ընդամենը վարձու աշխատող եմ և փորձում եմ անել ամեն հնարավոր բան ակումբի համար, որին սիրում եմ»,- ասել է Արսեն Վենգերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մոնակոյի» մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կարող է փոխարինել Վենգերին «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը