Մասիսում 33-ամյա տղամարդը 4 անչափահաս երեխաների ներկայությամբ քաշքշել է կնոջը, ծաղրել նրան, ստիպել ժավել խմել…
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով 33-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջը հոգեկան տառապանք պատճառելու համար առաջադրված մեղադրանքում: Տղամարդը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման. այս գործով նշանակված 2 տարվա ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է մեկ այլ գործով տղամարդու նկատմամբ նշանակված 5 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկումը:
Մասիսի քաղաքի բնակչուհին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ դեպքի օրն ամուսինը տուն է վերադարձել ալկոհոլի ազդեցության տակ, իրեն մտցրել է լոգարան, ստիպել է իրեն ժավել խմել:
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում 33-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. կնոջ հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, ալկոհոլի ազդեցության տակ պարբերաբար ծեծի է ենթարկել նրան, իսկ դեպքի օրն ալկոհոլի ազդեցության տակ հանրակացարանի իրենց բնակարանում իր 4 անչափահաս երեխաների ներկայությամբ անհիմն մոտ 1 ժամ վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել նրա հասցեին:
Վիճաբանությունից զերծ մնալու նպատակով կինը ցանկացել է դուրս գալ տնից, սակայն ամուսինը, կանգնելով տան մուտքի դռան դիմաց, կնոջն արգելել է դուրս գալ ու շարունակել է հակաիրավական վարքագիծը՝ կնոջ ձեռքից և հագուստից քաշելով՝ վերջինիս տարել է լոգարան և մատնացույց անելով ժավելի տարան, ծաղրանքի ենթարկելով՝ պահանջել է ժավել խմել և մեռնել ու իր վերոշարադրյալ երկարատև գործողություններով ուղղակի դիտավորությամբ խոշտանգել է կնոջը՝ պատճառելով հոգեկան տառապանքներ, որի հետևանքով վերջինս փորձել է ժավել խմել, հոգեկան տառապանքներից ազատվելու համար, սակայն ժավելի տարան դատարկ է եղել, ինչից ամուսինը շարունակել է զվարճանալ ու ծաղրել է կնոջը՝ առաջարկելով ջուր լցնել տարայի մեջ և խմել ժավելի մնացորդի հետ: Հոգեկան տառապանքներից ազատվելու այլընտրանք չունենալով՝ կինը զանգահարել է մորը՝ խնդրելով ահազանգել ոստիկանություն:
Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը
Ըստ դատական ակտի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և ցուցմունք տվել այն մասին, որ հաճախ է վիճաբանել և ծեծի ենթարկել կնոջը, բայց վերջինս չի բողոքել, և ինքն ազատվել է պատասխանատվությունից: Դեպքի օրն ալկոհոլ օգտագործած վիճակում եկել է տուն և կնոջ` հեռախոսով զանգելու հետ կապված՝ երեխաների ներկայությամբ նորից վիճաբանել նրա հետ, որի ժամանակ վերջինս հայտնվել է բորբոքված և հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում և հայտնել է, որ գնում է՝ ժավել խմի: Նրան պատասխանել է, որ իր համար մեկ է, ինչ անի՝ իրեն կանի: Դրանից հետո կինը վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, սակայն տարան դատարկ է եղել: Այնուհետև իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները, և վիճաբանությունը դադարել է: Կատարածի համար զղջում է, և, եթե հարբած չլիներ` այդ քայլին չէր գնա:
Ինչ ցուցմունք է տվել տուժող կինը
Ըստ դատական ակտի՝ տուժող կինը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսն իրենց միջև եղել է նորմալ, ամուսնական փոխհարաբերություններ: 2016 թվականի դեկտեմբեր ամսից ամուսինը հաճախ է սկսել ոգելից խմիչք օգտագործել և անհիմն, տարբեր կենցաղային հարցերի շուրջ երեխաների ներկայությամբ վիճաբանել և պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, հայհոյանքներ տվել իր հասցեին, և աստիճաբաբար իրենց միջև ձևավորվել են լարված փոխհարաբերություններ: Իրեն հաճախակի ծեծի ենթարկելու համար շատ անգամ դիմել է ոստիկանություն, սակայն հետագայում խղճացել է ամուսնուն և հանուն երեխաների՝ չի բողոքել նրա դեմ:
Դեպքի օրն ամուսինը նորից հարբած վիճակում տուն է եկել և երեխաների ներկայությամբ իբր բջջային հեռախոսից շատ օգտվելու հարցի շուրջ մոտ 1 ժամ վիճաբանել է իր հետ, քաշքշել իր հագուստից և հայհոյանքներ տվել իր հասցեին: Այդ ժամանակ ցանկացել է դուրս գալ տանից, սակայն ամուիսնը, թույլ չի տվել, կանգնել է տան մուտքի դռան դիմաց ու շարունակել է հայհոյանքներ տալ իրեն և քաշքել: Շարունակելով իր հետ վիճաբանությունը, բռնել է իր ձեռքից և հագուստից, քաշելով տարել լոգարան և ցույց տալով ժավելի տարան, պահանջել է, որ ժավել խմի և մեռնի: Այդ ժամանակ ամուսնու արարքների հետևանքով հայտնվել է նյարդային, նեղված, հոգեպես ծանր վիճակում, հուզվել է նրա արարքներից, դարձել է անկառավարելի ու հոգեպես ճնշված վիճակում վերցրել է ժավելի տարան, որպեսզի խմի, սակայն տարայի մեջ ժավել չի եղել, ինչից ամուսինը ծիծաղել և իրեն ծաղրելով՝ առաջարկել է ջրով ողողել և խմել: Այդ ընթացքում, գտնվելով հուսահատ վիճակում, զանգահարել է մորը, հայտնել այդ մասին և խնդրել է, որպեսզի զանգահարի ոստիկանություն ու հայտնի այդ մասին: