Բաժիններ՝

«Չե՞ք կարծում, որ կոռուպցիոն ռիսկ կա այս ամենում». Կարինե Աճեմյանը՝ Արտեմ Ասատրյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Հաշմանադմություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

«Այս նախագիծը բավականին երկար քննարկումների ճանապարհ է անցել, լրամշակվել է, որից հետո նոր ներկայացվել ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի 2006 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին, որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից և ուժի մեջ մտել 2010 թ. հոկտեմբերի 22-ից։ Կոնվենցիայի նպատակն է՝ աջակցել, պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց և ապահովել լիարժեք հավասար հիմունքներով օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ։ Օրենքի նպատակը համապատասխանում է կոնվենցիայի նպատակներին»,- ասաց նախարարը։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե ներկայացվող օրինագծով արդյո՞ք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքը, հանգստի կազմակերպման խնդիրները կլուծվեն, և արդյո՞ք օրինագիծը բավարարում է հասարակական սեկտորի պահանջներին։ Ի պատասխան՝ Ասատրյանն ասաց, որ օրենքի նախագիծը, ի տարբերություն դեռևս 1993 թ. ընդունված գործող օրենքի, հավասար հնարավորություններ է ստեղծելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ լիարժեք ընդգրկվել հասարակական կյանքին. «Այս օրենքի հիմնական կարգավորիչ ուժն է համալիր ծրագիրը, նաև՝ մոնիտորինգի մեխանիզմը՝ անկախ ինստիտուտի կողմից։ Մոնիտորինգի մեխանիզմը կհստակեցնի՝ որքանով են նախանշված ծրագրերն իրականացվում, և, բնականաբար, ունենալու ենք նաև հետադարձ կապի մեխանիզմով հասարակական սեկտորի ընդգրկվածությունն այս գործընթացներին»։

Աճեմյանը հետաքրքրվեց նաև հաշմանդամության կարգ ստանալու պայմանների մասին. «Հաճախ բողոքներ ենք լսում, ինքս էլ ստացել եմ դիմումներ, որոնք կապված են կարգերի ստացման հետ. արդյոք չե՞ք կարծում, որ կոռուպցիոն ռիսկ կա այս ամենում, և ինչ է անում նախարարությունը, որպեսզի այս ռիսկերը նվազեցվեն և շատ ավելի արդար լինի հաշմանդամություն կարգ ստանալու պայմանները, մարդիկ լինեն բավարարված»։

Կարդացեք նաև

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ ռիսկեր և խնդիրներ իսկապես կան. «Ամբողջական լուծումների փաթեթները նախապատրաստված են, բավականին երկար ժամանակ այն քննարկման փուլում է գտնվում։ Մեր որդեգրած մոտեցումները միանշանակ բխում են հաշմանդամություն ունեցող անձանց շահերից, որովհետև հնարավորինս նվազեցվել են հայեցողական լիազորությունները, հստակեցվել են այդ չափորոշիչները, և մենք հիմա նախապատրաստել ենք հաջորդ քայլերը, որոնք կներդնեն և՛ փաստաթղթային փորձաքննությունները, այսինքն՝ այն դեպքերում, երբ ուղղակի զննության անհրաժեշտություն չկա, փաստաթղթերը տեսնելով՝ հաշմանդամության սահմանման աշխատանքները կիրականացվեն, և՛ հանձնաժողովների կազմակերպման, ձևավորման, փորձաքննությունների կազմակերպման տրամաբանությունը կփոխվի։ Այս խնդիրների լուծմանը մեծապես օգնելու է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս