Ինչու գեներալները դուրս եկան դահլիճից՝ իրենց հետ տանելով ՀՀԿ օլիգարխիկ թևին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ԱԺ ելույթը մոնոտոն էր, ոչ ծրագրային, հայեցակարգային թեզիսներ չկային, չնայած ասացին, որ 27 էջանոց ելույթը գրված՝ իր կողքը դրված էր․

«Ինքը չի սիրում գրված տեքստեր, սիրում է բանավոր խոսել»: ՀՀԿ-ականների մի մասն իրենց թեկնածուի մոնոտոնությունը բացատրեց նրանով, որ Արմեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այդ պատճառով «դրայվ» չկար:

Ընդ որում՝ նրա ելույթը 20-րդ րոպեից ընթացավ կիսադատարկ դահլիճում. գեներալները դուրս եկան՝ իրենց հետ տանելով ՀՀԿ օլիգարխիկ թեւին։ Մինչեւ վերջ մնաց Աշոտ Արսենյանը, իսկ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ քաղաքական մասն էլ դահլիճում չէր, ԲՀԿ-ն՝ նույնպես:

ՀՀԿ ջահելներն էլ դահլիճ վերադարձան օրվա երկրորդ կեսին, որովհետեւ սկսվելու էր Հրայր Թովմասյանի ՍԴ անդամության քննարկումը՝ «համայնքը» պետք է կանգներ ՍԴ նախագահ գնացող ընկերոջ թասիբին:

Սաբոտա՞ժ եք անում Արմեն Սարգսյանին՝ հարցրինք Էդուարդ Շարմազանովին։ «Ոչ մի դեպքում ու երբեք. միայն լրագրողներիդ մտքով կարող են նման բաներ անցնել»:

Այդ դեպքում ինչո՞ւ էր դահլիճը դատարկ՝ հարցրինք Վահրամ Բաղդասարյանին։ «Ձեր աչքին է դատարկ, դահլիճը նորմալ վիճակում է»: Դուք ինքներդ առավոտյան վերցրիք ներկա-բացակաների ցուցակը եւ մի լավ տնտղեցիք: «Երկրորդում եմ` դահլիճում նորմալ թվով մարդիկ են նստած, մնացածն էլ իրենց սենյակներում ելույթի են պատրաստվում»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս