Բաժիններ՝

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի». Ռևանշի փորձ լոնդոնցիների համար

Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կկայանա 28-րդ տուրի բաց թողնված խաղը, որտեղ Լոնդոնի «Արսենալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Օրերս այս թիմերը մրցեցին իրար հետ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում, որտեղ քաղաքայինները 3:0 հաշվով հաղթեցին լոնդոնցիներին:

«Արսենալ»

«Արսենալը» մի քանի օր առաջ կորցրեց գավաթ նվաճելու հերթական հնարավորությունը: Լոնդոնցիները չկարողացան ատամ ցույց տալ մրցակցին, ով արդեն իսկ գրեթե ապահովել է առաջին հորիզոնականը Պրեմիեր լիգայում:

Անգլիայում Վենգերի թիմի խաղին սովորել են բոլորը: Ակումբի ստորագրած աստղային նորեկներն ավելացրել են միայն ինդիվիդուալների ստեղծած պահերը, բայց չեն փոխել խաղը:  Մրցաշարային աղյուսակում զինագործները 6-րդն են և առաջատար քառյակից հեռու են 10 միավորով:

Այս խաղում Վենգերը հույս չի կարող դնել Ալեքսանդր Լյակազետի և Սանտի Կասորլայի վրա, ովքեր վնասվածքներ ունեն: Հարցականի տակ է Նաչո Մոնրեալի մասնակցությունը:

«Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» վստահորեն շարժվում է դեպի չեմպիոնություն: Գվարդիոլայի սաներն առաջին հորիզոնականում են և մոտակա մրցակցին գերազանցում են 13 միավորով: Իսկ «Արսենալից» քաղաքայինները հեռու են 27 միավորով:

Ամեն դեպքում, կատալոնացի մասնագետն ամեն ինչ անում է իր ֆուտբոլիստներին տոնուսի մեջ պահելու համար: Առաջատար վեցնյակի հետ խաղերում մանչեսթերցիները կենտրոնանում են միայն հաղթանակի վրա: 6 խաղերից միայն մեկում են Գվարդիոլայի սաները սայթաքել՝ պարտվելով «Լիվերպուլին»: Մանչեսթերցիների լազարեթում է միայն Բենջամին Մենդին: Որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի Ֆաբիան Դելֆը: Հարցականի տակ է Ֆերնանդինոյի մասնակցությունը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• «Արսենալը» վերջին 5 տնային խաղերում չի պարտվել՝ 3 հաղթանակ և 2 ոչ-ոքի
• «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ պարտվել է միայն մեկ անգամ
• «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ անցկացված 12 խաղերից 10-ում հաղթել է
• «Արսենալը» վերջին 4 տնային հաղթանակներում խփել է 4 և ավելի գնդակ
• «Մանչեսթեր Սիթին» չի հաղթել «Արսենալին» վերջինիս հարկի տակ 5 խաղ անընդմեջ

Կանխատեսում

«Մանչեսթեր Սիթին» առաջին շրջանում հաղթել է լոնդոնցիներին 3:1 հաշվով: Շատերը հիմա Վենգերի թիմից սպասում են ռևանշի, ինչը քիչ հավանական է: Քաղաքայինների համար մրցակցի հարկի տա խաղալն այնքան էլ մեծ նշանակություն չունի, իսկ լոնդոնցիների պաշտպանությունը լուրջ խնդիրներ ունի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս