Բաժիններ՝

Ադրբեջանի գերագույն դատարանը «Նարդարանի գործով» հերթական հակաժողովրդավարական վճիռն է կայացրել

Ադրբեջանի գերագույն դատարանը մարտի 1-ին տեղի ունեցած դատական նիստում մերժել է «Նարդարանի գործով» ձերբակալված «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի, Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի և այլ 9 անձանց վճռաբեկ բողոքները:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դատավարությանը ներկա են գտնվել ձերբակալվածներից միայն Աբաս Հուսեյնովը և Աբաս Գուլիևը:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ` ձերբակալվածների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Նեյմաթ Քերիմլին հայտնել է, որ դատավորը ներկայացրել է միայն վճիռների ամփոփիչ մասերը, ինչի պատճառով ընդունված վճռի շարժառիթները մնացել են անհայտ:

Ամբաստանյալներից Աբաս Հուսեյնովը իր ելույթի ժամանակ նշել է, որ «Նարդարանի գործով» ձերբակալությունները կատարվել են երկրի իշխանությունների պատվերով և պարունակում են քաղաքական մոտիվներ:

Փաստաբան Նեյմաթ Քերիմլին նշել է նաև, որ այս գործով բոլոր ապացույցները ձեռք են բերվել դատապարտյալներին խոշտանգումների ենթարկելու միջոցով:

«Դատարանի այս վճիռը բողոքարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում(ՄԻԵԴ) »,-հավելել է Քերիմլին:

Human Right Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը 2017թ/ անդրադառնալով Նարդարանի գործով 16 ձերբակալվածների դատավարությանը, Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել նրանց:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում էր, որ այդ ձերբակալությունները կատարվել են քաղաքական դրդապատճառներով, և այդ անձինք շինծու մեղադրանքներով դատապարտվել են 10-20 տարվա ազատազրկումների:

Հայտարարության մեջ նաև անդրադարձ էր կատարվել ձերբակալվածների նկատմամբ իրականացված խոշտանգումներին:

«Այդ մարդիկ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ենթարկվել են տարատեսակ ճնշումների, խոշտանգումների, ոստիկանները նրանց նկատմամբ կիրառել են նաև էլեկտրաշոկ»,- նշված էր հայտարարության մեջ:

2015 թվականի նոյեմբերի 26-ին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և այլ հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով: «Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում և թռուցիկներ բաժանել բնակչությանը և որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս