
Օջալանի զարմուհին 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլեք Օջալանը դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման: Այս ամսին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Շանլըուրֆայի ծանր հանցագործությունները քննող դատարանը մեղավոր է ճանաչել Օջալանին ելույթներից մեկի ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ:
Փաստաբանի միջնորդությունն առ այն, որ իր պաշտպանյալի խոսքերը քրդերենից սխալ են թարգմանվել և հասկացվել, դատարանը մերժել է:
Նշենք, որ Դիլեք Օջալանը Թուրքիայի քրդերի առաջնորդ, ցմահ ազատազրկման մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանի զարմուհին է:
Ներկայում քրդամետ կուսակցությունից կալանքի տակ են գտնվում նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը, Չաղլար Դեմիրելը, Իդրիս Բալուքենը, Սելմա Ըրմաքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Աբդուլլահ Զեյդանը, Ֆերհաթ Էնջյուն և Բուրջու Չելիքը: