
Եվրոպայում ցրտից 49 մարդ է մահացել

Եվրոպայում սաստիկ ցրտերի ընթացքում առնվազն 49 մարդ է մահացել: Այդ մասին հայտնել են եվրոպական ԶԼՄ-ները: Euronews հեռուստաալիքի տվյալներով՝ ցրտերից առավել շատ մարդիկ են մահացել Լեհաստանում:
Այդ երկրի ոստիկանությունը հայտնել է, որ ընդամենը փետրվար ամսվա ընթացքում ցրտահարումից 32 մարդ է մահացել: Չեխիայում ցրտերի զոհ է դարձել ութ մարդ, գրում է EFE գործակալությունը: Իտալիայում ցրտից մահացել են երկու անօթեւաններ՝ մեկը՝ Միլանում, մյուսը՝ Ֆերերայում: Ֆրանսիայում, որտեղ ցրտերի ընթացքում անօթեւաններին ապահովում են կացարանով, փետրվարի 23-ից ի վեր մահացել է չորս մարդ: Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Լոնդոնի մերձակա Ուելինգ քաղաքում մի տղամարդ է մահացել, որին դուրս են բերել սառած լճից: Ցրտից մի մարդ է մահացել Իսպանիայի Աստուրիա նահանգում:
Նաեւ հաղորդվում է Սլովենիայում եւ Սերբիայում մահվան դեպքերի մասին, սակայն մահացածների ստույգ թիվը չի նշվում: Անսովոր ցրտերն ու ձնատեղումները Եվրոպա են եկել անցած շաբաթվա վերջին: Բազմաթիվ երկրներում դրանք խափանումներ են առաջացրել տրանսպորտի աշխատանքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: