«Մեր կուսակցության թեկնածու լինելը թերություն չի, այլ առավելություն է». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինելու նրանից, որ ինքը իշխող կոալիցիայի առաջադրած թեկնածուն է: Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում Շարմազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ևս չի կաշկանդելու իր թեկնածուին:

«Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի, այդ թվում՝ Արմեն Սարգսյանի համար, պատիվ է լինել Հանրապետական կուսակցության թեկնածուն, մի կուսակցության, որն անկախության առաջին իսկ օրվանից եղել է մեր պետության հիմնադրման ակունքներում: Դեռևս Խորհրդային ժամանակահատվածում Հանրապետական կուսակցության շատ լիդերներ՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը, պայքարել են անկախ պետականության հաստատման համար: Այնպես որ, մեր կուսակցության թեկնածու լինելը թերություն չի, այլ առավելություն է»,- նշեց Շարմազանովը՝ պատասխանելով ընդդմիադիր պատգամավորների հայտարարություններին, թե Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է:

Անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից Արմեն Սարգսյանի ելույթի թեզերին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ազգային միասնության գաղափարն այն է, որը պետք է ուղեկցի մեզ ապագա 25 տարիների ընթացքում:

«Այո, մենք երիտասարդ հանրապետություն ենք, անցում ենք կատարում դեպի հասունություն, և մենք իրավունք չունենք կրկնել այն սխալները, որոնք եղել են անցած տարիների ընթացքում, միգուցե, անփորձության պատճառով»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը հավելեց՝ ՀՀ անկախության անցած տարիների ընթացքում երկրի բոլոր վարչակազմերը, նախագահները՝ թերություններով հանդերձ, ծառայել են Հայաստանի և Արցախի հզորացմանը: «Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պետական գործիչներին, բոլոր նախագահներին, վարչապետներին, նախարարներին և պատգամավորներին, ովքեր ազնվությամբ ծառայել են Հայաստանին, Արցախին և սփյուռքին»,- նշեց նա:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ հանձինս Արմեն Սարգսյանի տեսնում է լավատես գործչի՝ շեշտելով, որ լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն, իսկ հոռետեսը յուրաքանչյուր հնարավորության մեջ՝ դժվարություն:

Տեսանյութեր

Լրահոս