«Այդ թուղթը բերեք՝ հրապարակեք, վերջացնենք. սա Ձեզ անընդհատ հետապնդելու է». Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին
Այսօր խորհրդարանում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչև հիմա չի հրապարակում իր քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթուղթ.
«Մենք հիմա չենք քննարկում՝ Դուք ծագումով և էությամբ ՀՀ քաղաքացի՞ եք, թե՞ ոչ։ Այն, ինչ Դուք ասում եք, որ 2011թ. դեկտեմբերին գրել եք դիմում, մենք մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ էլ դա ընդունել ենք՝ ի գիտություն, և ասել, որ ճիշտ կլինի՝ այդ ամենը հիմնավորվի փաստաթղթերով։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ այդ դիմումը այնտեղից չեք վերցնում, հրապարակում, տեղեկանք բերում, որ Դուք այդ երկրի քաղաքացի եք կամ քաղաքացի չեք, և բոլոր այս խոսակցությունները կդադարեն։ Երկու ամիս է՝ այս խոսակցությունը գնում է, Դուք ասում եք՝ իրավաբանների հետ խորհրդակցեմ, այնպիսի տպավորություն է, որ Դուք այդ հարցում ձեզ մեղադրյալի կարգավիճակում եք զգում և փաստաբանական համաշխարհային գրասենյակներից եք օգտվում՝ ինչ խոսեք։
Տեսեք, Դուք ասում եք սխալի մասին, բայց մամուլում հրապարակում կա, որ Դուք եք ստորագրել։ Կա պարզ գործողություն՝ այդ թուղթը բերեք՝ հրապարակեք, վերջացնենք։ Ու սա միայն հիմա չի Ձեզ հետապնդելու, անընդհատ հետապնդելու է։ Ինչո՞ւ չեք հրապարակում»։
Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասաց. «Այո, այդ փաստաթղթի տակ կա իմ ստորագրությունը, այդ փաստաղթուղթը փաստացի այն մասին է, որ այդ ընկերությունը գտնվում է սառեցված վիճակում, այդ փաստաթուղթը նրա մասին չէ՝ ես քաղաքացի եմ, թե ոչ։ Ստորագրելիս ես չեմ էլ կարևորել՝ ես քաղաքացի եմ, թե ոչ։ Դա էական չէ ընդհանրապես։ Ես օրինակը բերեցի, որ դուք այսօր կարող եք գնալ և գտնել այլ փաստաթղթեր, որ ես Բրիտանիայի քաղաքացի եմ, դա քաղաքացիության փաստաթուղթ չէ»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հարցին, երբ նախագահն ասել է, որ երրորդ ժամկետով պաշտոնավարելը ճիշտ չէ, Սարգսյանն ասաց, որ այդ հարցը հենց Սերժ Սարգսյանին է պետք ուղղել, ոչ թե իրեն. «Եթե ես ընտրվեմ ՀՀ նախագահ, եթե դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին, և երբ այդ օրը գա այստեղ, և այն պահին, երբ հանրապետության այսօրվա նախագահն այստեղ կանգնած լինի, ապա ճիշտ կլինի՝ այդ հարցն իրեն ուղղեք, ոչ թե ինձ։
Ես չեմ կարող մեկնաբանել քաղաքական մյուս գործիչների հայտարարությունները, պաշտոնական են դրանք թե անպաշտոն։ Եթե այդ ճանապարհով գնանք, կան ժողովրդավարական երկրների հարգված ղեկավարներ, որոնք ոչ թե երկու տարին մեկ անգամ են հայտարարություն անում, այլ Ֆեյսբուքով կամ Թվիթերով ամեն օր են անում, և որքան են այդ հայտարարությունների քաղաքական կամ պետական արժեքը, թողնում եմ ձեզ դատելու։ Այդ հարցը վերաբերում է ոչ թե ինձ, այլ հանրապետության այսօրվա նախագահին, եթե նա առաջադրվի՝ որպես վարչապետ»։
Քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ շատ լրջորեն է այդ հարցին վերաբերվում. «Հանդիպել եմ արդեն քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խմբերի հետ, կարծիքները տարբեր են, և խնդրել եմ՝ ինձ փաստաթղթեր տրամադրեն՝ քաղբանտարկյալներ արդյոք Հայաստանում կա՞ն, թե՞ ոչ։
Ես եվրոպական ինստիտուտներից տրված փաստաթուղթ չեմ տեսել, որի վրա գրված է, որ այս անձը քաղբանտարկյալ է։ Ինձ ասել են՝ կան, և դրանց թիվը մեծ է, և ես խնդրել եմ ինձ փաստաթղթեր ներկայացնել։ Երբ ներկայացնեն, և տեսնեմ այդ փաստաթղթերը, ես իմ անձնական կարծիքը կունենամ։ Եվ եթե ընտրվեմ նախագահ, այդ դեպքում իմ վերաբերմունքը ցույց կտամ, որը պարզ է և հստակ՝ մեր երկրում քաղբանտարկյալ չպետք է լինի»։
Փաշինյանը նկատեց՝ ձեր ելույթները ձեր վերաբերմունքով ընդհանրապես արժեզրկվում են, մի փաստաթուղթ ներկայացնելը դժվա՞ր է։
Սարգսյանը նրան այսպես հակադարձեց. «Փայլուն ելույթ է՝ մեր երկխոսությունը ներկայացնել լրիվ ուրիշ տեսակետից. նորից եմ կրկնում՝ սառեցված կազմակերպության աուդիտ արված փաստաթսւղթը պետական փաստաթուղթ չէ, ընդամենը հայտարարագիր է՝ ստորագրված տնօրնների կողմից, որ այդ կազմակերպությունը չի գործում։ Դա քաղաքացիությունը հաստատելու կամ հերքելու փաստաթուղթ չէ։ Ինչ վերաբերում քաղբանտարկյալներին, ապա հայաստանյան կազմակերպություններից ես խնդրել եմ՝ ներկայացնեն այդ փաստաթղթերը, բայց մինչ օրս չեն ներկայացրել։ Ինչ վերաբերում է իմ դիմումին, եթե օրենքը համապատասխան մարմինները դրա պահանջը տալիս են, ապա այդ փաստաթղթերը կներկայացվեն։
Չորրորդ՝ ես միջազգային մեծ իրավաբանների չեմ դիմել, դիմել եմ իրավաբանի, որովհետև սովորություն եմ ձեռք բերել ցանկացած գործողություն անելիս՝ դիմել պրոֆեսիոնալի։ Ես սահմանադրական իրավունքի կամ ընդհանրապես իրավունքի մասնագետ չեմ։ Եթե հանրապետության նախագահ ընտրվեմ, ապա շարունակելու եմ այդ ավանդույթը՝ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ իրավաբանների կարծիքը ունենալ»։